Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր` փետրվարի 20-ին, ավանդական առաջին դասախոսությամբ հանդես է եկել ԱԳՆ դիվանագիտական դպրոցի նոր ունկնդիրների առջեւ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դիվանագիտական դպրոցի 27 ունկնդիրներն ընտրվել են մոտ 150 դիմորդների շարքից գրավոր եւ բանավոր քննությունների արդյունքում, շրջանավարտներից լավագույնները, ընդունված կարգի համաձայն, կդառնան դիվանագետ եւ աշխատանքի կանցնեն ՀՀ ԱԳ նախարարության համակարգում:
Շնորհավորելով դիվանագիտական դպրոց ընդունվելու կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ սա արդեն ունկնդիրների երրորդ սերունդն է, որոնց առջեւ Դիվանագիտական դպրոցն իր դռներն է բացում: Նախարարը ընդգծել է, որ դիվանագիտական դպրոցում դասավանդելու են միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության, միջազգային իրավունքի տարբեր երկրների լավագույն մասնագետները, իսկ ԱԳՆ ընդունված շրջանավարտները հնարավորություն կունենան վերապատրաստվելու նաեւ արտերկրում:




























