ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ «Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության» նախագահ Արսեն Ղազարյանն այսօր` փետրվարի 20-ին, ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է խթանել նախնական  (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության (ՄԿՈՒ) բնագավառում ուսումնական հաստատություն-գործատու համագործակցությունն ու աշխատաշուկայի իրական կարիքների բացահայտումը: Վերջինս կնպաստի շրջանավարտների մրցունակության բարձրացմանն ու  արժանապատիվ զբաղվածության ապահովմանը:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուշագրով նախատեսվում է աջակցել դեռահասների եւ երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, ինչպես նաեւ նպաստել  համապատասխան ուսումնական ծրագրերի կատարելագործմանը` ըստ աշխատաշուկայի պահանջների:

ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ կրթական բարեփոխումների գործընթացում մասնավոր հատվածի եւ սոցիալական գործընկերների ներգրավումը համարվում է գերակայություն: «Կրթական ոլորտում դժվար է պատկերացնել առաջընթաց առանց մասնավոր հատվածի ներգրավման, քանի որ դրա շնորհիվ ամրապնդվում է աշխատաշուկա-կրթություն կապը, երիտասարդ կադրերի համար ստեղծվում են նոր աշխատատեղեր»,- նշել է Ա. Աշոտյանն ու հավելել. «Լավ մասնագետը միշտ շահույթ է բերում գործատուին: Մասնավոր հատվածը պետք է շահագրգիռ լինի ներդրումներ կատարել կրթական համակարգում, որպեսզի հետագայում երիտասարդ մասնագետները իրենց կարողությունները ներդնեն տարբեր ոլորտներում՝ համապատասխան ձեռնարկությունների համար ապահովելով շահույթ, որն էլ կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը»: Նախարար Ա.Աշոտյանը նշել է  նաեւ, որ համագործակցության արդյունքում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից մեկում  փորձնական ծրագիր կիրականացվի,  համատեղ ծրագրեր  են նախատեսվում նաեւ  բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում:

«Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության» նախագահ Արսեն Ղազարյանը, կարեւորելով նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության (ՄԿՈՒ) բնագավառի ուսումնական հաստատությունների հետ  համագործակցությունը, նշել է. «Մեր նպատակն է իրական դարձնել պահանջարկի ձեւավորումը տնտեսությունում: Դիվերսիֆիկացող տնտեսությունում, ինչպիսին մերն է, հաճախ միջին մասնագիտական կադրերի խիստ պակաս է առաջանում: Ուստի մասնավոր հատվածը չի կարող հույսը դնել միայն պետության վրա, այլ պետք է ֆինանսական ներդրումներ իրականացնի հետագայում համապատասխան որակյալ կադրեր ունենալու համար»:

Պիլոտային ծրագրի շրջանակներում ինչպես քոլեջների, այնպես էլ բուհերի ուսանողների համար տարբեր ձեռնարկություններում կկազմակերպվեն ուսումնական պրակտիկաներ: