Լոռիի մարզի Ստեփանավանի տարածաշրջանի Ագարակ գյուղը գյուղատնտեսության համար լուրջ ռեսուրսներ ունի, սակայն գտնվում է կարկուտի ռիսկային գոտում: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Ագարակի գյուղապետ Ռուբեն Բարխուդարյանն ասաց, որ ագարակցիները հիմնականում զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ. «Կարտոֆիլ, եգիպտացորեն, ցորեն ենք ցանում, բայց այ մթերման հետ կապված լուրջ խնդիրներ կան»,-ասաց նա:
Գյուղապետը սակայն գյուղի ու տարածաշրջանի գլխավոր խնդիրը համարում է հակակարկտային կայանների բացակայությունը, որոնք լուրջ հարված են հասցնում հողագործությամբ զբաղվողներին: Գյուղացիները մեզ հետ զրույցում կատակում են, թե կարկուտը Ագարակի անբաժան ընկերն է. «Լեջան գյուղում կարկուտը ծնվում ա, մեր մոտ գալիս ա»:
Լեջանի գյուղապետի փոխանցմամբ նախորդ տարի կառավարության կողմից տրամադրվող գարու ցորենի սեմացուից իրենք օգտվել են միայն երկրորդ վերարտադրության ցորենի սերմացուից. «Գարի չենք ցանում, չի արդարացնում իրեն»:
Խոսելով գյուղատնտեսության զարգացումից, համայնքապետն ասում է, որ անհրաժեշտ է առաջին հերթին էժան պարարտանյութ ու տեխնիկա տրամադրել գյուղացուն, վերջինիս գները շատ թանկ են, հներն էլ բարոյական ու ֆիզիկական մաշվածություն ունեն:
Գյուղից վերջին 10 տարվա ընթացքում ընդմիշտ հեռացել է 5 տնտեսություն, եւս 15-ը գնում գալիս են, ասում է գյուղապետը, հավելելով, որ գուղի տղամարդիկ հիմնականում մեկնում են արտագնա աշխատանքի:
Լոռիի մարզի Ագարակ համայնքը 100 տոկոսով գազաֆիկացված է, բնակարանները ջեռուցում է բնակչության մոտ 80 տոկոսը:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում են նաեւ մշակույթի տան վերակառուցումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, ներհամայնքային ճանապարհների ն ու դպրոցի մարզադահլիճի կառուցումը:
Էդվարդ Արզումանյան
Լուսանկարները` հեղինակի




























