Բեյրութի արևելյան Այն Սաադե արվարձանին հասցված իսրայելական հարվածի հետևանքով չորս մարդ է սպանվել։ Ինչպես հաղորդում է Lebanon 24 լրատվական պորտալը, հրթիռները արձակվել են Իսրայելի ռազմածովային ուժերին պատկանող նավից և թռել են «Տիլյալ» բնակելի համալիրում գտնվող երկու բնակարանների ուղղությամբ։
Զոհվածներից երկուսն արդեն ճանաչվել են. նրանք տեղի քրիստոնեական «Լիբանանյան ուժեր» կուսակցության ակտիվիստ Պիեռ Մուավվադն ու իր կինն են։ Եվս երկու մարմին և մի քանի վիրավոր անձ են հայտնաբերել մեկ հարկ վերև գտնվող բնակարանում։ Բնակարանը վերջերս է վարձով տրվել տեղահանվածներին, որոնք հավանաբար եղել են «Հեզբոլլահ» շարժման անդամներ։ Ըստ լրատվամիջոցի տվյալների՝ հենց այդ բնակարանում էլ «Հեզբոլլահի» ղեկավարների հանդիպում է ընթացել։ Հարվածից քիչ առաջ մասնակիցներից մեկը մոտոցիկլետով հասցրել է հեռանալ շենքից։
Ավելի վաղ հարված էր հասցվել Այն Սաադեի հարևանությամբ գտնվող Էլ Մանսուրիա քաղաքի շրջանում գտնվող մի ավտոմեքենայի։ Իսրայելի ռազմածովային ուժերի այս հարձակման հետևանքների վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։



























