Իրանի զինված ուժերը սպառնում են «ավելի կոշտ ու լայնածավալ» հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ամերիկյան թիրախներին, եթե իսլամական հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարձակումները շարունակվեն։ Այս մասին զգուշացրել է Իրանի ԶՈւ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին։

«Մենք հենց սկզբից հայտարարել ենք, որ քաղաքացիական օբյեկտների դեմ ցանկացած ոտնձգություն կարժանանա թշնամու շահերին ուղղված ուժգին պատասխանի։ Քաղաքացիական թիրախների վրա հարձակումների կրկնվելու դեպքում մեր հարձակողական և պատասխան գործողությունների հաջորդ փուլերը կիրականացվեն շատ ավելի հուժկու ու մասշտաբային ձևով, իսկ նման քաղաքականության շարունակման դեպքում՝ թշնամու վնասներն ու կորուստները բազմապատիկ կավելանան»,- ասել է նա պետական հեռուստատեսության եթերում։

Ապրիլի 5-ին ամերիկյան վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին, եթե մինչև ապրիլի 6-ը Հորմուզի նեղուցը չբացվի։