Դաղստանի Կայաքենտի շրջանի Մոզդոկ-Ղազիմագոմեդ մայրուղային գազատարի վրա, նախօրեին՝ նոյեմբերի 25-ի երեկոյան հայտնաբերվել է ինքնաշեն պայթուցիկ սարք: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ԱԴԾ Դաղստանի վարչությանը, սարքը գտնվում է խողովակի 518-րդ կիլոմետրին:

Առավոտից աշխատանքներ են տարվում գազատարի ականազերծման ուղղությամբ, տեղում աշխատում են ԱԴԾ աշխատակիցները:

Միջադեպի վայրը շրջափակված է իրավապահների կողմից, իսկ որոշ բնակավայրերում գազի մատակարարումը դադարեցվել է:

Հիշեցնենք, որ Մոզդոկ-Ղազիմագոմեդ գազատարն արդեն ենթարկվել է զինյալների հարձակմանը: Նոյեմբերի 11-ին անհայտ անձինք ռումբ էին պայթեցրել գազատարի 590-րդ կիլմետրին: Պայթյունի հետեւանքով առանց ջերմության էին մնացել Մախաչկալայի եւ նրա արվարձանների մոտ կես միլիոն բնակիչներ: