Սիրիան նույնպես դատապարտել է Լիբանանի դեմ իսրայելական ագրեսիան, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել։ Դամասկոսն այն որակել է որպես միջազգային ու մարդասիրական իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների կոպտագույն խախտում։ Այս մասին հաղորդում է SANA գործակալությունը։

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունն իր հայտարարության մեջ ընդգծել է կրակի անհապաղ դադարեցման և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի լիակատար պահպանման անհրաժեշտությունը։ Դա արվում է քաղաքացիական բնակչության պաշտպանությունն ու պետական ինքնիշխանության հարգումը երաշխավորելու նպատակով։

Նախարարությունը նաև կոչ է արել միջազգային հանրությանը պատասխանատվություն ստանձնել և կանխել այս խախտումները։ Սիրիան իր լիակատար զորակցությունն է հայտնել Լիբանանին՝ աջակցելով այդ երկրի կառավարության ջանքերին։ Խոսքը Լիբանանի ողջ տարածքում պետական իշխանություն հաստատելու և զենքի կիրառումը բացարձակապես պետության վերահսկողության ներքո պահելու մասին է։