Օկուպացված Արևելյան Երուսաղեմի Ալ-Ակսա մզկիթի համալիրը վերաբացվել է պաղեստինցի հավատացյալների համար Իսրայելի իշխանությունների՝ այն փակելու որոշումից 40-օր անց, հաղորդում է Al Jazeera-ն։

Հեռուստաալիքի տվյալներով՝ պաղեստինցիները հինգշաբթի վաղ առավոտյան անցել են մզկիթի դարպասներով։ Առավոտյան աղոթքին մոտ 3000 հավատացյալ է մասնակցել։

Փետրվարի 28-ին Իրանի հետ ԱՄՆ-Իսրայելական պատերազմի սկսվելուց ի վեր քրիստոնեական, հրեական և մահմեդական վայրեր մուտքը լիովին փակվել է կամ սահմանափակվել է, թույլ տալով միայն մի քանի տասնյակ հավատացյալների մուտքը։

Իսրայելի իշխանությունները չորեքշաբթի երեկոյան հայտարարել են օկուպացված Երուսաղեմում մզկիթի և Սուրբ Հարության եկեղեցու վերաբացման մասին։ Իսրայելի ոստիկանությունը սրբավայրերի բացումը բացատրում է «Իսրայելի թիկունքի հրամանատարության թարմացված հրահանգներով»։

Հայտարարության մեջ նշվում է անվտանգության ուժերի, դրանց թվում՝ հարյուրավոր ոստիկանների և սահմանապահների ինտենսիվ ուժեղացումը Երուսաղեմի Հին քաղաքի նրբանցքներում և սրբավայրեր տանող ճանապարհներին՝ «այցելուների անվտանգությունն ապահովելու» համար։

Վերջին վեց շաբաթներին՝ տարածաշրջանային պատերազմի ընթացքում Երուսաղեմը և նրա սրբավայրերը ենթարկվել են խիստ անվտանգության միջոցառումների և հաճախակի փակումների։