Մեծ Բրիտանիայի բնակիչների 53 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ը բացասական դեր է խաղում գլոբալ ասպարեզում։ Մինչեւ Իրանի դեմ պատերազմի սկսվելը այսպիսի կարծիք ուներ բրիտանացիների ընդամենը 35 տոկոսը, գրել է Politico-ն՝ հղում կատարելով Public First ընկերության հարցմանը։
Համաշխարհային գործերում ԱՄՆ դրական դերի մասին կարծիք հայտնել է հարցվածների մոտ մեկ երրորդ՝ 29%-ը, ինչը 2025թ․ դեկտեմբերի 41 տոկոսի համեմատ նվազել է։ Հարցվածների գրեթե երկու երրորդը կարծում է, որ Վաշինգտոնը խնդիրներ է ստեղծում, այլ ոչ թե լուծում է դրանք։ 57 տոկոսը համոզված է, որ ԱՄՆ-ը մարտահրավեր է նետում դաշնակիցներին, այլ ոչ թե աջակցում է նրանց։
Հատկանշական է նաեւ վստահության դինամիկան. Իրանի հետ պատերազմից առաջ բրիտանացիների 44 տոկոսն էր պատրաստ ճգնաժամերի ժամանակ հույսը դնել ԱՄՆ-ի վրա, այժմ 49 տոկոսը դա անհնար է համարում։
«Ընդամենը հինգ ամսվա ընթացքում բրիտանական հանրությունը լիովին կորցրել է հավատը իր ամենակարեւոր դաշնակցի նկատմամբ՝ այն ժամանակ, երբ աշխարհը աննախադեպ անկայունություն է ապրում», մեջբերել է պարբերականը Public First-ի ղեկավար Սեբ Ռեյդին։
Հարցումն անցկացվել է ապրիլի 3-7-ը Մեծ Բրիտանիայի մոտ 2 000 բնակիչների շրջանում. վրիպանքը չի գերազանցում 2 տոկոսային կետը։



























