Ավստրալական E-7A Wedgetail հետախուզական ինքնաթիռի տվյալները փոխանցվում են օդային գործողությունների Միավորված կենտրոն, որտեղ ներկայացված է ԱՄՆ-ը, եւ օգտագործվում են բացառապես ԱՄԷ-ի եւ Պարսից ծոցի այլ պետությունների պաշտպանության համար: Այս մասին ABC News-ի հարցազրույցում հայտնել է Ավստրալիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլզը։

Ավստրալիայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Դեւիդ Ջոնսթոնը պարզաբանել է, որ փոխանցված տվյալները «զտվում են, որպեսզի չօգտագործվեն Իրանի դեմ ԱՄՆ հարձակողական գործողությունների համար»: Նա ավելացրել է, որ ավստրալական ինքնաթիռների օպերատորները որոշում են, թե ինչ տեղեկատվություն է փոխանցվում իրենց գործընկերներին։

Ավստրալիան մարտի սկզբին Պարսից ծոց է ուղարկել E-7A Wedgetail ինքնաթիռ եւ 85 զինծառայող՝ օդային տարածքի մոնիթորինգը բարելավելու համար: Ապրիլի 9-ին վարչապետ Էնթոնի Ալբանեզեն անորոշ ժամանակով երկարաձգել է առաքելությունը։