Իսլամաբադում բանակցությունների տապալումից հետո Վաշինգտոնը հայտնվել է «անհրապույր տարբերակների» ընտրության առջև, կարծում է CNN-ը։ Իրանը կտրականապես մերժել է ԱՄՆ-ի երկու առանցքային պահանջները՝ հրաժարում միջուկային ծրագրից և Հորմուզի նեղուցի բացում։ Թրամփի այն թեզը, թե ԱՄՆ ռազմական հզորությունը հակառակորդներին կստիպի ենթարկվել իր կամքին, չաշխատեց։
Ռազմական գործողությունների հետագա ծավալումը հղի է համաշխարհային տնտեսությանը հասցվելիք ծանր հարվածով. նավթի գինն արդեն թռիչք է գրանցել՝ աճելով 8%-ով և հասնելով բարելի դիմաց 104 դոլարի: Բացի այդ, սա կարող է պատասխան գործողություններ հրահրել տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցների դեմ։ Միևնույն ժամանակ, հակամարտությունից «հաղթական» կերպով դուրս գալու փորձը կհարվածի Վաշինգտոնի հեղինակությանը, քանի որ իրականում Իրանը շարունակում է վերահսկել Հորմուզի նեղուցն ու պահպանել հարստացված ուրանի իր ողջ պաշարները։
Ապրիլի 11-ի բանակցությունները վարել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բագեր Ղալիբաֆը։ Կողմերին չի հաջողվել համաձայնության գալ հակամարտության կարգավորման շուրջ։ Հնարավոր նոր փուլի վերաբերյալ մանրամասները դեռևս անհայտ են։





























