Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն առայժմ չի քննարկել համամասնական ընտրացուցակում ընդգրկվելիք կոնկրետ անձանց անունները:
Հայաստանի Ժողովրդական կուսակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը NEWS.am-ին հայտնեց, որ ՀԺԿ-ն դեռ քննարկում չի արել` որոշելու ՀԱԿ ընտրացուցակում կուսակցության ներկայացուցիչների անունները: ՀԺԿ-ն նաեւ չի քննարկել, թե որքան տեղ է ակնկալում ստանալ ՀԱԿ ընտրացուցակում:
Անձերի վերաբերյալ քննարկումներ չեն արվել նաեւ ՀԱԿ անդամ մեկ այլ` «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունում: Կուսակցության փոխնախագահ Վարդան Գրիգորյանը հայտնեց, որ ԺՈՒԿ-ը դեռ չի քննարկել, թե ովքեր են ընդգրկվելու ընտրացուցակներում: «Անձերի վերաբերյալ որեւէ խոսակցություն առայժմ չկա: Իսկ թե ինչ ենք ակնկալում, ասեմ, որ մեր կուսակցությունն ամբիցիոզ կուսակցություն չէ: Մենք պայքարում ենք հանուն ժողովրդավարության, իշխանությունը ժողովրդին վերադարձնելու, եւ մեր պայքարը կձգվի այնքան, մինչեւ ժողովուրդն ինքը կդառնա երկրի տերը»,- նշեց Գրիգորյանը:
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն իր հերթին նշեց, թե յուրաքանչյուր քաղաքական միավոր իր դիրքորոշումը ընտրացուցակների մասով ներկայացրել է Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդին: «Բնականաբար մեր կուսակցությունը` «Ժողովրդավարական հայրենիքը» եւս ներկայացրել է փետրվարի 4-ի քաղխորհրդի նիստում: Ակնկալիքները մեկն են, որ պետք է առաջիկա ընտրությունները դառնան միջոց` իրավիճակ փոխելու եւ երկրում սահմանադրական կարգը հաստատելու»,- նշեց նա եւ հավելեց. «Մեր կուսակցությունը այլ ակնկալիքներ չունի, եւ շատ հստակ ընդդիմանում է, որ կոնկրետ քննարկում գնա` տեղերի հարցով»:
Ըստ Մակեյանի, ՀԱԿ ընտրացուցակը պետք է նպաստի իշխանափոխության գաղափարին: «Եւ մեր կուսակցության դիրքը իր կատարած ներդրումով երեւա ցուցակում: Բայց դա մեզ համար գերխնդիր չէ, մեզ համար գերխնդիրն այն է, որ զարգացումները գնան այնպիսի հունով, որ կբավարարեն հասարակությանը»,- ամփոփեց Մակեյանը:
Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի, ՀԱԿ ընտրացուցակը գլխավորելու է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ երկրորդ հորիզոնականում լինելու է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի անունը: Երրորդ տեղի համար շրջանառվում են «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանի, ՀԱԿ գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանի կամ Նիկոլ Փաշինյանի անունները:




























