Ամերիկա-իրանական հակամարտության ֆոնին պիստակի համաշխարհային գները հասել են վերջին ութ տարվա առավելագույն ցուցանիշին՝ մեկ ֆունտի դիմաց կազմելով 4,57 դոլար։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Expana Markets-ի տվյալներին։ Իրանն աշխարհում պիստակի արտահանման ծավալներով զբաղեցնում է երկրորդ տեղը՝ ապահովելով համաշխարհային մատակարարումների մեկ երրորդը։

Expana Markets-ի վերլուծաբան Նիկ Մոսը նշում է, որ խնդիրներն ի հայտ են եկել դեռևս մինչև հակամարտությունը։ Դրա պատճառը 2025 թվականի սպասվածից ցածր բերքատվությունն էր և Իրանի ներքաղաքական անկայունությունը։

Լրացուցիչ գործոն է դարձել պիստակով լցոնված դուբայական շոկոլադի ժողովրդականության կտրուկ աճը։ Պիստակի շուկայում ԱՄՆ-ի և Իրանի մրցակցությունը (որտեղ ամերիկացիներն առաջ են անցել միայն 2000-ականներին) նախկինում նշվում էր որպես Թեհրանի ուղղությամբ Վաշինգտոնի փետրվարյան հարվածների հնարավոր դրդապատճառներից մեկը։