Երբ փողը հարուստների մոտ ավելցուկ տվեց եւ այն չէին կարողանում ծախսել ռեստորաններում, խաղատներում, գիշերային ակումբներում եւ այլ ժամանցի կենտրոններում, նրանք սկսեցին Լուսնի վրա տարածքներ գնել, միմյանց աստղեր նվիրել եւ այլն: Հաճախ ենք լսում, որ այսինչ պաշտոնյայի ծննդյան օրը, նրանց զավակների հարսանիքին, կնունքին աստղեր են նվիրել իրենց իսկ անունով, որովհետեւ «դե էլ ինչ նվիրեին, որ ուրախացնեին, ամեն ինչ ունեն», այսինքն` սպառել են երկրային բոլոր նվերների զինանոցը:
Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն Նորայր Մելիքյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ աստղեր վաճառելը, նվիրելը ոչ միայն անօրինական երեւույթ է, այլեւ վերածվել է էժանագին բիզնեսի եւ դրանով աստղադիտարանը չի զբաղվում: Եւ առհասարակ, չկա որեւէ տեղական կամ միջազգային մարմին, ատյան, որը իրավասու է աստղեր վաճառել կամ նվիրել, իսկ այդ բոլորը փաստաթղթերը, վկայականները, որոնք «աստղատերերը» ունեն, շինծու են եւ զուրկ իրավական հիմքից:
Նորայր Մելիքյանի խոսքով` աստղեր գնելու, դրանք միմյանց նվիրելու հիվանդությունը հայկական միջավայր մտել է մոտ 13 տարի առաջ: Այդ «հիվանդությամբ» մեզանում տառապում են 30-50 տարեկան տղամարդիկ: «Կանայք շատ ավելի առողջ դատողություն ունեն եւ ամեն զիբիլի փող չեն տա, կինը հպարտանում է իրական բանով, իսկ տղամարդիկ, առավել եւս, պատահական հարստացածները, ուզում են տարբերվել»,- ասաց նա: Աստղագետի պրակտիկայում հաճախ է պատահել, երբ եկել են եւ ասել, որ իրենք էլ են ուզում իրենց աստղն ունենալ: Իսկ արդեն աստղի տեր դարձածները, հիմնականում` մեծահարուստներ, գալիս եւ ցանկանում են իրենց աստղը նայել, իսկ աշխատակիցներն էլ տանում ցույց են տալիս լիքը աստղեր, իրենք էլ համարում են, որ դա իրենցն է:
Փոխտնօրենը նշեց, որ յուրաքանչյուրը, նույնիսկ դպրոցական երեխան կարող է համացանցից աստղային երկնքի քարտեզներ հանել, իր համար հետաքրքիր մի աստղ ընտրել, վկայական սարքել, աստղի նկարը դնել, այդտեղ գրել, ինչ ուզում է, այդ թվում` անվանել այդ աստղը` ի պատիվ ապագա աստղատիրոջ եւ նվիրել:
Աստղը նվիրում ես, բայց այն երկնքում է, իսկ վկայականը` նվեր ստացողի տանը, հարց է առաջնում` որն է այստեղ շահը կամ հաճույքը: Միթե մտածելով, որ վերեւում աստղ ունես, ավելի հպարտ, ինքնավստահ կամ երջանիկ ես ապրում: «Այդ հարցը պետք է տանք աստղեր նվիրողին եւ ստացողներին: Նվիրողը ծիծաղելի է, բայց վաճառողը` ոչ, որովհետեւ նա գումար է աշխատում, բայց արդյունքում երկուսն էլ երջանիկ են եւ գոհ: Սուտ բախտագուշակների պես բաներ են, մարդիկ շառլատանություն են անում, մարդ գտնեն, ձեռքից փող առնեն:Ես այդ մարդկանց չեն հասկանում, թե ինչի համար են ուրախանում, որ իրենց անունով աստղ կա, ամեն րոպե կարող ես դուրս գալ երկնքին նայել եւ մտածել, որ լիքը աստղեր կան քո անունով: Անիմաստ բան է կատարվում, ուրախացողներն էլ թեթեւսոլիկի տպավորություն են թողնում»,- ասաց նա: Ըստ որում, աստղերի վաճառքի շուկայում էլ հստակ գումար չկա, այստեղ եւս գործում է առեւտրի կանոնը, Նորայի Մելիքյանի խոսքով` «գները գրած չէ, նայում են փորիդ հաստությանը եւ որոշում` ինչքանով այն վաճառել»:
Իրականում միայն Միջազգային աստղագիտական ընկերությունը, որը միավորում է աշխարհի բոլոր աստղադիտարանները եւ աստղագետներին, իրավունք ունի անվանակոչել երկնային մարմինները, ոչ թե դրանք տալ սեփականշնորհման իրավունքով: Նրանք դա անում են ելնելով ինչ-որ հանգամանքից, մասնավորապես` ովքեր մեծ ներդրում ունեն ինչ-որ ոլորտում եւ արժանի են, որ նույնիսկ երկնքում հիշվեն: Այսպես` հայազգի գործիչների անունով մեկ տասնյակից ավելի փոքր մոլորակներ են անվանակոչվել` Անի, Արմենիա եւ այլն: Մոլորակներ կան նաեւ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի, գրող Մարիետա Շահինյանի, լողորդ Շավարշ Կարապետյանի եւ այլոց անունով: Իսկ Լուսնի վրա կա հայազգիների անունով կոչված երկու խառնարան`Սիսակյան եւ Շիրակացի:
Փոխտնօրենի խոսքով` երկրագնդի բնակչությունը 7 մլրդ է, իսկ մեր գալակտիկայում 200 միլիարդ աստղեր կան, հետեւաբար կարելի է յուրաքանչյուրին 30 աստղ նվիրել: Բայց կարեւորը ոչ թե երկնքում ունեցած աստղերն են, որովհետեւ դրանք բոլորինս են, այլ երկրային աստղազարդ գիշերները:
Պատրաստեց` Ինգա Մարտինյանը




























