«Գեոթիմ» ՓԲԸ-ն արձագանքել է փետրվարի 21-ին Հայ Ազգային Կոնգրեսի Բնապահպանական հարցերով հանձնաժողովի կողմից արված հայտարարությանը, որտեղ անթույլատրելի է համարվում Ամուլսարի հանքավայրի շահագործումը:

«Գեոթիմի» մեկնաբանության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Փետրվարի 21-ին Հայ Ազգային Կոնգրեսի Բնապահպանական հարցերով հանձնաժողովը չբերելով եւ ոչ մի հիմնավորում «անթույլատրելի» է անվանել

Ամուլսարի հանքավայրի շահագործումը: Զարմանալի է այն փաստը, երբ քաղաքական ուժը նման հայտարարություն է անում` դատավորի կեցվածք ընդունելով: Կարծում ենք, որ ՀԱԿ-ի Բնապահպանական հարցերով հանձնաժողովը պետք է առնվազն ուսումնասիրեր տեղական եւ արտասահմանյան բնապահպան մասնագետների կողմից պատրաստված ուսումնասիրություններն ու եզրակացությունները, որոնք հասանելի են մեր կայքում` www.geoteam.am:

Եթե այդ նյութերին ծանոթանալուց հետո ՀԱԿ-ի մասնագետները կշարունակեն մեր ծրագիրն «անթույլատրելի» համարել, պատրաստ ենք հրավիրել նրանց հանրային բանավեճի` հասարակության եւ ԶԼՄ-ների մասնակցությամբ:

Ամուլսարի հանքավայրի ծրագիրը իրագործվում է ոլորտը կարգավորող ՀՀ բնապահպանական օրենսդրության նորմերին խիստ համապատասխան եւ համահունչ: Լինելով թափանցիկ, սոցիալական եւ բնապահպանական առումով պատասխանատու հանրային ընկերություն, որը ցուցակված է Տորոնտոյի բորսային հարթակում, ունենալով միջազգային հեղինակավոր ինստիտուցիոնալ բաժնետերեր, Գեոթիմը իր գործունեության առաջին օրվանից բնապահպանական եւ սոցիալական միջազգային ստանդարտներին համապատասխանության սկզբունքը որդեգրել է որպես գործունեության ուղեցույց:   

2006թ. առ այսօր մեր ընկերությունը Հայաստանում ներդրել է 30 մլն դոլար, եւս 52 մլն դոլար ներդրվելու է այս տարի: Գեոթիմը ոչ միայն կայուն աշխատանքով է ապահովել Ամուլսարի շրջակայքի համայնքների բնակիչներին ու դրանցում իրագործել բազում սոցիալական ծրագրեր, այլեւ փոխել է այդ մարդկանց մտածելակերպը եւ վերաբերմունքը կյանքի նկատմամբ: Ստացվում է, որ ՀԱԿ-ի Բնապահպանական հարցերով հանձնաժողովն այս ամենը եւս համարում է «անթույլատրելի»:

Գեոթիմը միշտ պատրաստ է մասնագիտական քննարկումների եւ բանավեճերի: Ուստի, օգտվելով այս առիթից, բոլոր քաղաքական ուժերին կոչ ենք անում զերծ մնալ պոպուլիստական հայտարարություններից ու մեր ընկերության գործունեությունը նախընտրական շահարկումների առարկա դարձնելու գայթակղությունից»: