Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան օրերս Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասին եւ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին առաջարկել է պաղեստինցի եւ հրեա ֆուտբոլիստներից բաղկացած հավաքական ստեղծել եւ 2010թ մարտին ընկերական խաղ անցկացնել Բրազիլիայի ընտրանու հետ, հայտնում է իսպանական AS. թերթը:

Պաղեստինյան եւ իսրայելական առաջնորդները, որ անզիջում թշնամիներ են, վերջերս պաշտոնական այցով եղել են Բրազիլիայում եւ երկրի նախագահի առաջարկն ընդունել են հետաքրքրությամբ եւ հավանությամբ:

Բրազիլիայի նախագահը կարծում է, որ «նման նախաձեռնությունը կարող է լինել այդ տարածքում խաղաղության առաջին քայլը: Բրազիլիան մի քանի տարի առաջ արդեն խաղացել է Հաիթիում՝ նույն նպատակով, եւ այժմ վատ չէր լինի նույնն անել Երուսաղեմում: Ես մտադիր եմ անել հնարավոր ամեն ինչ՝ այդ գաղափարը կյանքի կոչելու համար: Ես այդ հարցը կքննարկեմ Բրազիլիայի ֆուտբոլի համադաշնության հետ, որ նրանք պատուհան գտնեն ազգային թիմի համար: Վստահ եմ, որ իրենք՝ ֆուտբոլիստները, պետք է հպարտություն զգան նման խաղին մասնակցելուց: Ֆուտբոլն իր մեջ մարդկանց համախմբելու ուժ է պարունակում»:

Լուլան կատակով հավելել է, թե «եթե խնդիրներ լինեն կազմի հետ, ես ինքս պատրաստ եմ խաղալ հարձակվողի կամ կիսապաշտպանի դիրքում»:

Մնում է հավելել, որ Պերեսն ու Աբբասը մի պայման են դրել. հավաքականում չպետք է գերակշռեն պաղեստինցիները կամ իսրայելցիները: