Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուսաստանյան գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ շփման ժամանակ փոխանցել է Անկարայի պատրաստակամությունը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ անցկացնելու հարցում, այդ թվում՝ առաջնորդների մակարդակով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, հայտնում է Коммерсантъ-ը։
Նա ընդգծել է, որ իրավիճակը կախված է ոչ միայն թուրքական կողմի ցանկությունից, այլև հակամարտության մասնակիցների պատրաստակամությունից։ Ինչպես հիշեցրել է Ֆիդանը, անցյալ ամառ Թուրքիան երեք անգամ կողմերին հավաքել է Ստամբուլում և պատրաստ է դա անել կրկին՝ թե՛ տեխնիկական, թե՛ բարձրագույն մակարդակով։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմի հանկարծակի սրումը շեղել է համաշխարհային հանրության ուշադրությունը ուկրաինական ճգնաժամից, և հետաքրքրությունն ուկրաինական խաղաղ բանակցությունների նկատմամբ նվազել է։
Թուրք նախարարն ընդգծել է խաղաղության հասնելու ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը։ Ըստ նրա, թե՛ ուկրաինական, թե՛ պաղեստինյան հարցերը մնում են շատ կարևոր, և Թուրքիան ունի դրանց կարգավորմանը նպաստելու հնարավորություններ։
Կողմերը հանդիպում են նաև այլ մայրաքաղաքներում, սակայն Անկարան պատրաստ է կրկին առաջարկել իր հարթակը։