Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին NBC News հեռուստաալիքին չորեքշաբթի տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հարաբերություններն անվանել է «ազնիվ, ուղղակի և արդյունավետ»։ Սա տեղի է ունեցել Թրամփի այն հայտարարությունից ընդամենը մեկ օր առաջ, թե Մամդանին «կործանում է Նյու Յորքը»՝ հարուստ նյույորքցիների համար անշարժ գույքի նոր հարկ սահմանելու առաջարկի պատճառով։

«Նա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն է։ Ես՝ Նյու Յորքի քաղաքապետը, և մենք գիտենք, որ այն ամենը, ինչ անհրաժեշտ է քաղաքին, մեծապես կախված է նաև դաշնային վարչակազմի հետ հարաբերություններից»,- ասել է Մամդանին իր պաշտոնավարման առաջին 100 օրվան նվիրված հարցազրույցում, որը եթեր է հեռարձակվել կիրակի օրը։

Նա հավելել է, որ իրենց երբեմն ընկերական հարաբերությունները մասամբ բացատրվում է այն փաստով, որ «Նյու Յորքը հատուկ տեղ է զբաղեցնում թե՛ իր, թե՛ ինձ համար։ Մենք երկուսս էլ նույն քաղաքից ենք»։

«Մեր զրույցները ոչ միայն նախագահին բնորոշ մասշտաբային բնույթ ունեն, այլև մանրամասնում են նույնիսկ այնպիսի յուրահատուկ հարցեր, ինչպիսիք են Մանհեթենի կենտրոնում գոտեվորման օրենքի փոփոխությունները։ Սա, կարծում եմ, վկայում է այն մասին, որ Դոնալդ Թրամփը ոչ միայն այս երկրի նախագահն է, այլև մեկը, որը ողջ կյանքում նյույորքցի է եղել, և դա նշանակություն ունի»,- հավելել է քաղաքապետը։

Հիշեցնենք, որ Թրամփն ու Մամդանին բազմիցս քննադատել են միմյանց տարբեր թեմաների շուրջ։ Նյու Յորքի քաղաքապետը դժգոհ էր Վենեսուելայի և Իրանի նկատմամբ ԱՄՆ նախագահի քաղաքականությունից, իսկ Թրամփն իր հիասթափությունն էր հայտնել Մամդանիից՝ որպես իր հարազատ քաղաքի քաղաքապետի։