Էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն «այնքան էլ հեռու չէ» Իրանի հետ «գործարք կնքելուց»։
«Բանակցություններն իրանցիների հետ շարունակվում են՝ չնայած այն ամենին, ինչ լսում եք հրապարակային խոսակցություններում։ Կարծում եմ՝ դրանք իրականում լավ են ընթանում»,- ասել է նա։
Ըստ էներգետիկայի նախարարի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ստեղծագործ բանակցող է, որը տարբեր ձևերով է օգտագործում ճնշումը, տարբեր ձևերով՝ անորոշությունը»։
«Կարծում եմ՝ մենք բարեհաջող կավարտենք այս հակամարտությունը»,- կանխատեսել է Ռայթը։
Նա հավելել է, որ նավագնացության վերականգնումը «ժամանակ կպահանջի, բայց, հավանաբար, ոչ շատ», հենց որ Հորմուզի նեղուցը նորից բացվի։
Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ չի մասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ գործում է ծովային շրջափակումը։
Մինչդեռ ԱՄՆ-ն արդեն հայտարարել է, որ իր բանակցողներին ուղարկում է Պակիստան։