Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ Իրանին հասցված հարվածների ընթացքում ԱՄՆ-ն և Իսրայելը չեն հասել իրենց նպատակներին և չեն կարողանա հաջողության հասնել նաև բանակցությունների սեղանի շուրջ։

«Vedomosti» պարբերականին տված հարցազրույցում նա նշել է, որ Վաշինգտոնի սկզբնական նպատակները ներառել են նաև Իրանում վարչակարգի փոփոխությունը, սակայն հետագայում պահանջները նվազել են՝ հասնելով ավելի նեղ խնդիրների, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի հասանելիությունը սահմանափակելու փորձերին։

Ջալալին հայտարարել է, որ այդ գործողությունները արդյունք չեն տվել, ինչպես նաև «անարդյունավետ» է անվանել հայտարարված ծովային շրջափակման միջոցառումները։

Նրա խոսքով՝ հակամարտությունը միայն ամրապնդել է Իրանի վճռականությունը։ Դեսպանը հավելել է, թե ԱՄՆ-ն նախկինում իբր համաձայնել է Իրանի առաջարկած «10 կետից բաղկացած ծրագրին», սակայն հետագայում հրաժարվել է դրանից։

«Այն, ինչին Թրամփը չհասավ պատերազմի միջոցով, չի կարողանա հասնել նաև բանակցությունների ժամանակ»,- հայտարարել է դեսպանը՝ ընդգծելով, որ ցանկացած բանակցություն պետք է հիմնված լինի փոխշահավետ փոխզիջման վրա։