Նոյեմբերի 26-ին Վանաձորի մանկատանը 1.5 տարեկան երեխայի մահվան հետ կապված Լոռիի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում նշեց Վանաձորի քննչական բաժնի ավագ քննիչ Սասուն Մխիթարյանը:
«Նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որի պատասխանը ստանալուց հետո պարզ կլինի նյութերի հետագա ընթացքը, ինչպես նաեւ քրեական գործի հարուցումը կամ մերժումը»,-ասաց նա:
Սասուն Մխիթարյանի փոխանցմամբ, նյութերի նախապատրաստման ընթացքում հարցաքննվել են մանկատան աշխատակիցները, մարզպետարանի համապատասխան բաժինների ներկայացուցիչները, մի շարք հարցումներ են ուղարկվել տարբեր կառույցներ: «Պետք է պարզել, թե արդյոք որեւէ մեկը թերացե՞լ է իր պարտականությունների մեջ, թե՞ երեխան մահացել է ի ծնե ունեցած հիվանդություններից»,-ասաց նա:
Լոռիի մարզի քննչական բաժնի ավագ քննիչի կարծիքով, փորձաքննության պատասխանները պարզ կլինեն ոչ շուտ, քան մեկ ամսվա ընթացքում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 26-ին Վանաձորի մանկատանը մահացել էր Լոռիի մարզի Դարպաս գյուղի բնակիչ, 1.5 տարեկան երեխա, ում մանկատաուն են տեղափոխել այն բանից հետո, երբ հայրը` Մարտին Աբրահամյանը կոշկակարության դանակով սպանել էր հարազատ հորն ու կնոջը ու դիմել փախուստի:
Ի դեպ, հավելենք նաեւ, որ սպանության ժամանակ փոքրիկը գտնվել է մոր կողքին: Երեխան ի ծնե տառապում էր մանկական ուղեղային կաթվածով, իսկ ընտանիքի անդամները խուլ ու համր էին:




























