Ըստ միջնորդական գործընթացին մոտ կանգնած աղբյուրների՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չորեքշաբթի օրը կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների երկրորդ փուլին մասնակցելու համար, հայտնում է Al Jazeera-ն։
Նա Վաշինգտոնից կմեկնի երեքշաբթի երեկոյան և Իսլամաբադում կլինի չորեքշաբթի կեսօրին մոտ։ Հայտնի է, որ բանակցությունները կկայանան հենց այդ նույն օրը։ Ամերիկյան պատվիրակությունը ղեկավարելու է փոխնախագահ Ջեյ դի Վենսը։
Հաղորդվում է նաև, որ ամերիկյան պատվիրակությանը կարող են միանալ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները։ Աղբյուրների փոխանցմամբ՝ նախապատրաստական աշխատանքների շրջանակում արդեն մի քանի ամերիկյան ռազմական ինքնաթիռ է ժամանել Պակիստան։
Միևնույն ժամանակ, Իրանի մասնակցությունը դեռ հարցականի տակ է։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանը «չի ընդունում սպառնալիքների ներքո ընթացող բանակցությունները»։ Սա էլ ավելի անորոշ է դարձնում նախատեսված ժամկետներում հանդիպման անցկացումը։




























