ԱՄՆ վարչակազմը կազմել է ՆԱՏՕ-ի այն երկրների ցանկը, որոնք հրաժարվել են աջակցել Վաշինգտոնին Իրանի դեմ պատերազմում, և այժմ դիտարկում է այդ երկրների նկատմամբ հնարավոր պատժամիջոցների հարցը։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ փաստաթուղթը պատրաստվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի՝ ապրիլի 8-12-ը Վաշինգտոն կատարելիք այցի նախաշեմին։ Դրանում ներկայացված է դաշինքի անդամ պետությունների ներդրման ամփոփագիրը, որտեղ երկրները դասակարգված են ըստ իրենց մասնակցության աստիճանի։
Աղբյուրները նշում են, որ այս ցուցակը դաշնակիցներին բաժանում է «օգտակարների» և «ոչ այնքան օգտակարների» միջև։ Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ իրենց պարտավորությունները կատարող դաշնակիցները կարող են ակնկալել լրացուցիչ արտոնություններ, մինչդեռ մյուսները կբախվեն հետևանքների։
Առայժմ անհայտ է, թե կոնկրետ ինչ միջոցներ են նախատեսվում։ ԱՄՆ վարչակազմը գաղտնի է պահում թե՛ փաստաթուղթը, թե՛ դրա կիրառման հետագա ծրագրերը։




























