Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայի «Արքայազն Սուլթան» ավիաբազայում տեղակայել են ուկրաինական Sky Map հակադրոնային պաշտպանության համակարգը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրազեկ հինգ աղբյուրների։ Ըստ հրապարակման՝ ուկրաինացի ռազմական մասնագետները ժամանել են բազա, որպեսզի ամերիկացի զինվորականներին սովորեցնեն այս հարթակի կիրառման հմտությունները։ Sky Map-ը լայնորեն կիրառվում է ուկրաինական բանակի կողմից՝ անօդաչու թռչող սարքերի (այդ թվում՝ իրանական Shahed-ների) հայտնաբերման և որսացող դրոնների միջոցով հակահարվածներ կազմակերպելու համար։

Հատկանշական է, որ ընդամենը մեկ ամիս առաջ Դոնալդ Թրամփը հրապարակավ մերժել էր Վլադիմիր Զելենսկու՝ հակադրոնային պաշտպանության հարցում օգնելու առաջարկը։ «Մենք նրանց օգնության կարիքը չունենք դրոններից պաշտպանվելու հարցում»,- մարտի 6-ին Fox News-ի եթերում հայտարարել էր նախագահը։ Սպիտակ տունն ու Պենտագոնը հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը։

Իրանից մոտ 640 կմ հեռավորության վրա գտնվող ավիաբազան պատերազմի սկզբից ի վեր բազմիցս ենթարկվել է հարվածների։ Հարվածների հետևանքով ոչնչացվել է հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման E-3 AWACS ինքնաթիռը, վնասվել են մի քանի KC-135 լիցքավորող ինքնաթիռներ, ինչպես նաև շարքից դուրս է եկել THAAD համակարգի ռադարային սարքավորումների հանգույցը։ Հարձակումներից պաշտպանվելու համար բազան ներկայումս կիրառում է նաև ամերիկյան Northrop Grumman ընկերության FAAD կառավարման հարթակը և RTX արտադրության Coyote որսացող դրոնները։ Բացի Sky Map-ից, օգտագործվում են նաև Merops որսացող սարքերը (մշակված Project Eagle ընկերության կողմից՝ Google-ի նախկին գլխավոր տնօրեն Էրիկ Շմիդտի աջակցությամբ)։ Սակայն վերջին փորձարկումներից մեկի ժամանակ դրանցից մեկը դուրս է եկել վերահսկողությունից և բախվել բազայի տարածքում գտնվող սանհանգույցին։

Փորձագետները ուկրաինական տեխնոլոգիաների ներդրումը դիտարկում են որպես ամերիկյան հակաօդային և հակահրթիռային պաշտպանության խոցելիության վկայություն։ «Ամբողջ աշխարհում տեղյակ են ամերիկյան ՀՕՊ համակարգի բացթողումների մասին։ Նրանք դա լավ գիտեն, սակայն այդպես էլ չշտկեցին այդ բացթողումները», — նշել է Hudson Institute-ի ավագ գիտաշխատող Տիմոտի Ուոլթոնը։