44–օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են կազմակերպել Ազգային ժողովի շենքի դիմաց։ Նրանք նախապես դիմել էին ԱԺ ղեկավարությանը՝ խնդրելով դահլլիճ տրամադրել, որտեղ իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպում կլինի և իրենց հուզող հարցերի պատասխանները կստանան։ Երեկ պարզվել է, որ ԱԺ–ից պատրաստ են նրանց տրամադրել 334 սրահը, որը անհամեմատ փոքր է, մինչդեռ մասնակցել ցանկացողների թիվն անհամեմատ մեծ է։ Նրանք պահանջում են նաև իրենց տրամադրել 44–օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը, որն այդպես էլ ԱԺ–ում չի ներկայացվել։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ով ևս ակցիայի վայրում է, լրագրողների հետ զրույցում մանրամասներ հայտնեց. «Ես միջանկյալ օղակ եմ եղել այս պատմության մեջ, որպես Ազգային ժողովի պատգամավոր դիմել եմ Ազգային ժողովի գլխավոր քարտուղարին, ղեկավարությանը, որպեսզի տրամադրեն դահլիճ։ Հիմա իրենք այսօր տրամադրել են 334 փոքր սրահը, որտեղ ֆիզիկապես ծնողները չեն կարող տեղավորվել։ Եթե դու ներկայացնում ես 190 հոգանոց ցուցակ, քեզ տրամադրում են (50-60 հոգանոց դահլիճ, ո՞նց անենք, իրար գլխի նստե՞նք։

Բացի այդ, կա քաղաքական որոշում, որ պիտի որևէ մեկը չմասնակցի, որովհետև իրենք պատրաստ չեն բաց քննարկումների։ Մինչև հիմա ծնողների հետ խոսել են դռնփակ ձևաչափով և փակ դռների հետևում ինչ են խոսել, հետո հրաժարվել են իրենց խոսացածից, ու այսպես վեց տարի այս մարդկանց խաբել են։ Հիմա, երբ որ մի անգամ մարդիկ ուզեցին հրապարակային բաց քննարկում, արդեն իշխանությունը հրաժարվում է այդ բայց քննարկումից»։

Թովմասյանի խոսքով, այս ամենի պատասխանատուն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է և գլխավոր քարտուղարը, որոնք ուղղակի խոչընդոտեցին ծնողների լսված լինելու, ինչպես նաև խոսքի ազատությունը։ «Պիտի մարդիկ լսված լինեն, պիտի իրենց դժգոհությունը հասանելի լինի։ Մենք բոլոր գերատեսչություններին  հրավիրել էինք, որ գան պատասխանեն, բայց որևէ մեկը չի հաստատում իր մասնակցությունը, որևէ ձև չեն ուզում առնչություն ունենալ զոհվածների, անհետ կորածների կամ բռնի անհետացածների ծնողների հետ, որովհետև երևի թե ասելիք չունեն, վախենում են»։