Հայաստանի իշխանությունները չեն հրապարակում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի զեկույցը՝ վախենալով, որ նախընտրական շրջանում այն բազմաթիվ հարցեր կառաջացնի։ Այս մասին Ազգային ժողովի շենքի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Ակցիայի մասնակիցները պահանջում են ճշմարտություն, արդարություն և զեկույցի հրապարակայնացում։ Միջոցառումը կազմակերպվել է քննարկման ձևաչափով, որի նախաձեռնողը պատգամավոր Թագուհի Թովմասյանն է։ Նախատեսվում էր քննարկումն անցկացնել Ազգային ժողովի շենքում, սակայն դա չհաջողվեց «հնարովի տեխնիկական պատճառներով», ինչի հետևանքով ակցիան տեղափոխվեց փողոց՝ անմիջապես երթևեկելի գոտի։

Նախկին նախարարն ընդգծել է, որ իշխանությունները պարտավոր են ուսումնասիրել 44-օրյա պատերազմի հանգամանքները, անել հետևություններ և հանրությանը ներկայացնել այն ամենը, ինչը հնարավոր է՝ հաշվի առնելով նյութերի մի մասի գաղտնիությունը։ Պատգամավորը հիշեցրել է, որ թեև զեկույցը չի հրապարակվել ժամկետների խախտման «հիմնավորմամբ», հենց Ազգային ժողովն է մի քանի անգամ երկարաձգել դրանք։ «Այն պատասխանը, որ ԱԺ ղեկավարությունը տվել է մեզ և ձեզ՝ անհայտ կորածների ու զոհվածների հարազատներիդ, խոսում է նրանց վերաբերմունքի մասին»,- նշել է Օհանյանը։

Նախկին նախարարը հիշեցրել է, որ ընդդիմությունն ի սկզբանե կասկածի տակ է դրել հանձնաժողովի աշխատանքի օբյեկտիվությունը՝ հաշվի առնելով դրա կազմն ու անդամների փոքր թիվը։ «ՔՊ-ական 8 անդամից բաղկացած հանձնաժողովը չէր կարող իր պարտականություններին զուգահեռ ուսումնասիրել նման խոշոր իրադարձությունը, համակողմանի քննություն իրականացնել ու գնահատական տալ»,- ընդգծել է Օհանյանը։ Նա հավելել է, որ ընդդիմությունը չի մասնակցել այդ աշխատանքներին, որպեսզի չլեգիտիմացնի մի գործունեություն, որն ի սկզբանե չէր կարող օբյեկտիվ և լիարժեք լինել։ Ըստ նրա՝ զեկույցը չի հրապարակվում, քանի որ նախընտրական շրջանում այն ձեռնտու չէ իշխանություններին և կարող է բազմաթիվ անցանկալի հարցեր առաջացնել։