Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) Ռազմաօդային ուժերում ծառայող երկու զինվոր ձերբակալվել է իրանական հետախուզության գործակալների հանձնարարությամբ անվտանգության խախտումներ կատարելու համար, ասված է Իսրայելի ոստիկանության հայտարարության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ Կենտրոնական օկրուգի ոստիկանության աշխատակիցների, Շաբակ-ի, ռազմական ոստիկանության քննչական բաժնի և ՑԱԽԱԼ-ի տեղեկատվական անվտանգության բաժնի համատեղ գործողության շրջանակում 2026 թվականի մարտին ձերբակալվել է Ռազմաօդային ուժերում որպես տեխնիկ ծառայող երկու զինվոր: Նրանք կասկածվում են իրանական հետախուզության գործակալների հետ կապ հաստատելու և նրանց ղեկավարությամբ անվտանգությանն առնչվող առաքելություններ իրականացնելու մեջ:
Հարցաքննության ժամանակ նրանք հայտարարել են, որ իրանցի համակարգողների հետ կապն ընդհատվել է, երբ իրենք հրաժարվել են կատարել զինամթերքի հետ կապված առաջադրանքները: Այնուամենայնիվ, նույնիսկ երբ կապն ընդհատվել էր համակարգողների նախաձեռնությամբ, նրանք չեն դադարեցրել այն վերականգնելու փորձերը՝ ֆինանսական օգուտ ստանալու նպատակով:
Այսօր առավոտյան երկուսի դեմ էլ մեղադրանք է առաջադրվել: Զինվորներից մեկին մեղադրանք է առաջադրվել պատերազմական ժամանակ թշնամուն օժանդակելու, թշնամուն տեղեկություններ փոխանցելու, օտարերկրյա գործակալի հետ կապ հաստատելուն նպաստելու և այլ իրավախախտումների համար: Մյուս զինվորին մեղադրանք է առաջադրվել օտարերկրյա գործակալի հետ կապ պահպանելու, թշնամուն տեղեկություններ փոխանցելու և այլ իրավախախտումների համար:
Ըստ մեղադրական եզրակացության՝ մի քանի ամսվա ընթացքում երկու զինվորները կապ են պահպանել իրանական հետախուզության գործակալների հետ և նրանց ցուցումով տարբեր առաջադրանքներ կատարել գումարի դիմաց: Զինվորներից մեկը նույնիսկ իրանցի գործակալին է փոխանցել կործանիչ ավիացիայի համակարգերին առնչվող իր ռազմական պատրաստության նյութերը, ինչպես նաև ռազմաբազայի օբյեկտների և գոտիների վերաբերյալ փաստաթղթեր:





























