Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հերթական անգամ Կուբա է ուղեւորվում վիրահատվելու համար:
Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, վենեսուելյան առաջնորդը կրկին կենթարկվի քաղցկեղային ուռուցքի հեռացման վիրահատության:
Խորհրդարանը Չավեսին թույլ է տվել երկրից հեռանալ 5 օրով: Չավեսը հայտարարել է, որ ուռուցքը հավանաբար չարորակ է եւ նախազգուշացրել է, որ ինքը պետք է նվազեցնի աշխատանքային ծանրաբեռնվածությունը նախագահական ընտրությունների ընթացքում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեռեւս նախորդ տարվա աշնանը լուրեր էին պտտվում այն մասին, թե Չավեսին մնացել է ապրելու 2 տարի: Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մոտ հայտնաբերված ուռուցքային հիվանդությունը բուժման բարենպաստ ելքի հույս չի թողնում:
Վենեսուելայում Չավեսի բուժմամբ զբաղվող վիրաբույժ Սալվադոր Նավարետեն հայտարարել է, որ նման ախտորոշման դեպքում հիվանդը կարող է ապրել 2 տարուց ոչ ավելի: Նավարետեի հարցազրույցը հրապարակվել էր այն օրը, երբ Չավեսը հերթական անգամ թռել էր Կուբա եւս մեկ բուժզննում անցնելու նպատակով: Ինքը` Վենեսուելայի նախագահը, նախօրեին հայտարարել էր, որ առողջանում է:
Ընդ որում, 2011 թվականի հուլիսի 25-ին Չավեսը հայտարարել էր, որ չնայած հիվանդությանը` մտադիր է 2012 թվականին նոր վեցամյա ժամկետով նախագահական ընտություններին մասնակցել:
Վերջերս քաղցկեղային ուռուցքի հեռացման երկու վիրահատություն տարած նախագահը` վենեսուելյան մամուլում նշել է, որ «ոչ մի վայրկյան չի մտածել» հրաժարականի մասին:



























