Տնտեսագետները կարծում են՝ Ռուսաստանի Դաշնությունում «Ջերմուկ Գրուպ» ընկերության նկատմամբ կիրառված նոր սահմանափակումները մեսիջ են՝ ուղղված Հայաստանի իշխանություններին։
«Մեսիջը հետևյալն է՝ կողմնորոշվեք. դուք չեք կարող միաժամանակ և՛ կին ունենալ, և՛ սիրուհի, կոպիտ ասած։ Պետք է ազնիվ լինել։ Ռուսաստանը դեռ քայլ չի արել, նույնիսկ չի էլ մտադրված, պարզապես սրանք փոքրիկ ու մեղմ հիշեցումներ են, որ ազնվությունը լավ բան է նաև տնտեսական հարաբերություններում»,– NEWS.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։
Տնտեսագետն ընդգծում է՝ Հայաստանի արտաքին քաղաքական դոկտրինը, որտեղ Ռուսաստանը նշված է որպես ռազմավարական դաշնակից, պաշտոնապես չի չեղարկվել, և իշխանական թևի ներկայացուցիչների կոշտ հայտարարություններն ու քայլերը պետք է չհակասեն դրան։
«Կարծում եմ՝ ոմանց կարիք կա հիշեցնելու սա։ Գոնե սկզբից պետք է չեղարկեն արտաքին քաղաքական այդ դոկտրինը, որից հետո նոր միայն Հայաստանի ու հայ ժողովրդի անունից հանդես գան քայլերով կամ հայտարարություններով, որոնք ուղղակիորեն վնասում են մեզ։ Ես նորից եմ ուզում հասկանալ՝ ո՞րն է դրա օգուտը։ Մինչդեռ վնասը կարելի է հստակ հաշվարկել՝ սկսած պարենային անվտանգությունից, վերջացրած էներգետիկ ու ֆինանսական անվտանգությամբ։ Այդ վտանգներն ու սպառնալիքներն ակնհայտ են»,– նշեց տնտեսագետը։
Ըստ տնտեսագետի՝ դիվերսիֆիկացիայի մասին Հայաստանում ավելի շատ խոսվում է, քան գործնական քայլեր արվում։ Նա շեշտում է, որ առանց իրական արդյունքների հարաբերությունները սրելն ու Ռուսաստանի դեմ թշնամանք հրահրելը տրամաբանությունից զուրկ է, քանի որ համաշխարհային տնտեսության մեջ բոլոր երկրները փոխկապակցված են, և դաշնակից ձեռք բերելու փոխարեն թշնամի վաստակելը կարող է ճակատագրական լինել երկրի համար։
Tvyal.com կազմակերպության հիմնադիր, տնտեսագետ Աղասի Թավադյանն ընդգծում է, որ մինչ Հայաստանը խոսում է տնտեսական դիվերսիֆիկացիայի մասին, տնտեսական պատկերն այլ բանի մասին է վկայում. Հայաստանի իշխանությունների կառավարման տարիներին մեր երկիրը 5 եւ ավելի անգամ մեծացրել է առեւտրի ծավալները ԵԱՏՄ անդամ երկրների՝ այդ թվում ՌԴ–ի հետ, մինչդեռ ԵՄ անդամ երկրների հետ առեւտրի ծավալները կրճատվել են 5 տոկոսով։
«Անկախ քաղաքական հայտարարություններից, այս պահին Հայաստանը փաստացի ավելի շատ է սերտաճել Ռուսաստանի տնտեսությանը, քան 2018 թվականին էր։ Եթե այսօր հրաժարվենք այդ շուկայից, դա մեզ համար շատ ավելի ցնցող կլինի։ Ինչ վերաբերում է սահմանափակումներին, ապա ընտրվել է հենց «Ջերմուկը», քանի որ այն հայկական բրենդ է և մեդիադաշտում ավելի մեծ աղմուկ է բարձրացնելու, քան, օրինակ, գյուղատնտեսական ապրանքը։ Ջուրը վաղեմության ժամկետ չունի, այսինքն՝ արտադրողը մեծ ֆինանսական կորուստ չի կրի, բայց քաղաքական մեսիջը տեղ կհասնի։ Սա պետք է դիտարկել ոչ թե տնտեսական, այլ զուտ քաղաքական հարթության մեջ»,– նշեց տնտեսագետը։
Հիշեցնենք, որ հայկական «Ջերմուկ» հանքային ջրի 338 հազար շիշ է մեկ հրահանգով արգելափակվել ռուսական խանութների դարակներում։ Վաճառքի կասեցման հրահանգը տվել է Ռուսաստանի Դաշնության «Честный знак» մակնշման պետական համակարգը՝ հիմնվելով «Ռոսպոտրեբնադզորի» նամակի վրա։ Գերատեսչությունը նամակում մատնանշել է «պարտադիր պահանջների խախտումներն» ու քաղաքացիների առողջությանը հնարավոր վնասը կանխելու անհրաժեշտությունը։ Այսպիսով, արգելքի տակ են հայտնվել ռուսական շուկա արտահանված՝ այս տարվա փետրվարի 17-ի և մարտի 5-ի արտադրության ամսաթվով խմբաքանակները, որոնք թվային համակարգի միջոցով մինչև ստուգումների ավարտն այլևս հասանելի չեն լինի սպառողներին թե՛ օֆլայն, թե՛ առցանց խանութներում։ Թե ինչ հնարավոր խախտումների մասին է խոսքը, ռուսական կողմը չի պարզաբանում։
Սահմանափակումները զուգադիպեցին ուշագրավ մեկ այլ իրադարձության հետ։ Շուրջ երկու շաբաթ առաջ Ռուսաստանի քննչական կոմիտեն վերաբացել է «Ջերմուկ» հանքային ջրի հետ կապված քրեական գործը։ Այն առնչվում է 2014 թվականի աղմկահարույց դեպքին. վլադիկավկազցի 65-ամյա տղամարդը մահացել էր կերակրափողի այրվածքներից։ Ընտանիքը պնդել էր, թե նա Ջերմուկ է խմել, և շշի մեջ հանքային ջրի փոխարեն քացախաթթու է եղել։
Տղամարդու մահվան փաստով հարուցված քրեական գործն այն ժամանակ կարճվել էր։ Թե ինչու է տարիներ անց որոշում կայացվել վերաբացել վարույթը, ՌԴ քննչական կոմիտեն պարզաբանել էր նոր հանգամանքների ի հայտ գալով։ Գերատեսչության փոխանցմամբ՝ ժամանակին գործը կարճվել էր, քանի որ հնարավոր չէր եղել պարզել հանցագործությանը ներգրավված անձանց շրջանակը։
«Ջերմուկ Գրուպը» դեռ այն ժամանակ էր բացառել քացախաթթվի առկայությունը՝ պարզաբանելով, որ ավտոմատացված փակ ցիկլով արտադրության պայմաններում որևէ շեղում պետք է առկա լիներ խմբաքանակի բոլոր 1200 շշերում, ինչը տեղի չէր ունեցել։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումները ևս հաստատել էին արտադրանքի անվտանգությունը, ինչի հիման վրա էլ ռուսական կողմը հետագայում վերացրել էր բոլոր սահմանափակումները։
Ըստ ՍԱՏՄ-ի՝ «Ջերմուկ Գրուպը» 2024 թվականի տվյալներով տարեկան ավելի քան 15 միլիոն լիտր հանքային ջուր է արտահանում Ռուսաստանի Դաշնություն։ 2001 թվականից սկսված արտահանման ծավալները տարեցտարի աճում են։ Ընկերությունը նաև Հայաստանի 100 խոշորագույն հարկատուներից է։
«Ջերմուկ Գրուպ»–ին առնրվող այս զարգացումները հետևում են Ռուսաստանից հնչող կոշտ զգուշացումներին, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը բացահայտ հայտարարել էր, որ Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի «այլ կերպ կառուցել» իր տնտեսական հարաբերությունները Երևանի հետ։ Ըստ Օվերչուկի՝ ԵՄ-ի հետ մերձեցման Հայաստանի քաղաքականությունը լուրջ հարցեր է առաջացնում առևտրատնտեսական կապերի ապագայի վերաբերյալ։





























