Տոկիոյում ավարտվել է աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակի` «Երկնային ծառի» շինարարությունը: Դրա բարձրությունը ալեհավաքի հետ կազմում է 634 մետր: Այն բարձր է Չինաստանի Հուանչժոու քաղաքի համանման հեռուստաաշտարակից, որի բարձրությունը չի գերազանցում 600 մետրը:
Հեռուստաաշտարակի շինարարությունն սկսվել է 2008թ., բացման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 22-ին: FM դիապազոնով ռադիոհեռարձակումը կսկսվի ապրիլից, իսկ հեռուստաալիքները աշտարակը կօգտագործեն հաջորդ տարվանից:
Այդ հսկայական շինարարության վրա ծախսվել է 65 միլիարդ իեն կամ 812 միլիոն դոլար:
Խանութները եւ հուշանվերների կրպակներն արդեն ակտիվ կերպով գրավում են զբոսաշրջիկներին Տոկիոյի նոր տեսարժան վայրի հնարավոր բոլոր պատկերներով: Այստեղ կարելի է գտնել կախազարդեր եւ պնակներ, մագնիսներ եւ լապտերիկներ, մատիտներ եւ ցուցանմուշներ եւ նույնիսկ հանքային ջուր հեռուստաաշտարակին նմանեցրած շշերով: Հանգստյան օրերին «Երկնային ծառի» մոտ հավաքվում են զբոսաշրջիկների խմբեր, գրում է «Ռոսիսկայա գազետան»:




























