Մինսկում այսօր՝ նոյեմբերի 27-ին, կայանալու է Եվրասիական տնտեսական համագործակցության միջպետական խորհրդի նիստը, որի շրջանակներում նախատեսված են մի շարք փաստաթղթերի ստորագրում, որ հիմք են դնելու Մաքսային Միության գործարկմանը:
Պայմանագրի ձեւակերպման փաստաթղթերը ստորագրվել են Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից, որոնք էլ կազմում են Մաքսային միությունը: Հաստատվելու է նաեւ ընդհանուր մաքսատուրք, որը կիրառվելու է արդեն հունվարի 1-ից: Նախատեսվում է քննարկել նաեւ ԵվրԱզԷՍ-ի անդամ-երկրների հետագա ինտերգրմանը վերաբերող եւ հեռանկարում միացյալ տնտեսական տարածության ձեւավորման առաջնահերթ կարեւորություն ներկայացնող հարցեր: Միավորման մեջ են մտնում Բելառուսը, Ղազախստանը, Ղըրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:
ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստին մասնակցելու համար նոյեմբերի 25-ին եւ 26-ին Մինսկ են ժամանել նաեւ այլ երկրների ղեկավարներ՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը եւ Ղըրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը:




























