«Ժառանգություն» կուսակցության «Հայք» ուսանողական միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է. «Վերջերս հաճախակի են դարձել Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններն ու պատերազմը վերսկսելու սպառնալիքները: Նման պայմաններում ԼՂՀ-ի ու Հայաստանի առջեւ ծառացած լուրջ մարտահրավերը չտեսնելու տալը եւ միայն այն մտայնությանն ապավինելը, թե այս հայտարարություններն արվում են բացառապես քարոզչական նկատառումներով, համարում ենք խիստ վտանգավոր»:
Նրանք կոչ են անում. «ՀՀ ԱԺ-ին` անհապաղ ճանաչել ԼՂՀ-ն`ստեղծելով պայմաններ անհրաժեշտ պահին ՀՀ նախագահության կողմից ԼՂՀ-ի գործադիր ճանաչման, ինչպես եւ բոլոր ոլորտներում` ներառյալ պաշտպանության եւ անվտանգության, ՀՀ — ԼՂՀ երկկողմ միջպետական պայմանագրերի կնքման համար:
ՀՀ կառավարությանը` վերանայել 2010թ. ՀՀ բյուջեի նախագիծը եւ վերականգնել ՀՀ ռազմական ծախսերի առնվազն 2009թ. մակարդակը, ինչպես նաեւ շեշտակի ավելացնել ԼՂՀ-ին հատկացվելիք միջպետական վարկի ծավալները:
ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարություններին` ողջ չափահաս բնակչության շրջանում կազմակերպել քաղպաշտպանության, ինչպես նաեւ մարտական գործողություններին մասնակցելու անհրաժեշտ ունակությունների եւ հմտությունների վերապատրաստման դասընթացներ ու վարժանքներ. մշակել եւ հասարակություններին ներկայացնել ռազմական գործողությունների պայմաններում քաղաքացիական հասարակություն-բանակ փոխգործակցության գործուն ծրագիր:
ՀՀ ԱԳՆ-ին` պաշտոնական նոտա ուղղել ՀԱՊԿ շրջանակներում ՀՀ դաշնակից եւ ռազմական գործընկեր համարվող ՌԴ ԱԳՆ-ին` պահանջելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանին ցանկացած տեսակի ռազմական մատակարարումները եւ ռազմական համագործակցությունը, որոնք մինչ օրս իրականացվում են՝ Մոսկվայի եւ Բաքվի միջեւ 2006թ. եւ 2008թ. կնքված համաձայնագրերի շրջանակներում կամ դրանցից դուրս:
Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի երիտասարդությանը` համախմբվել եւ թույլ չտալ որեւէ միակողմանի զիջում Արցախի հարցում, իսկ անհրաժեշտության դեպքում զենքը ձեռքին տեր կանգնել մեր հայրերի կռած հաղթանակներին:
ՀՀ կուսակցությունների երիտասարդական կազմակերպություններին` հանդիպել եւ քննարկել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը»:




























