Փետրվարի 29-ի առավոտյան Իլինոյս, Միսուրի եւ Քանզաս նահանգներով հզոր փոթորիկ է անցել, որն այնուհետեւ բաժանվել է մանր տորնադոների: Ըստ վերջին տվյալների` աղետի զոհ է դարձել 13 մարդ: Ավելի քան երեք տասնյակ մարդ էլ վնասվածքներ է ստացել:
Թե քանի մարդ է մնացել ավերված տներում, դեռեւս հայտնի չէ: Իրադրությունը բարդացել է այն պատճառով, որ փոթորիկն սկսվել է այն ժամանակ, երբ շատերը քնած են եղել եւ չեն լսել տագնապի ազդանշանները:
Տորնադոյից խիստ տուժել են փոքրիկ քաղաքները. քամին պոկել է շենքերի տանիքները, տեղահան արել եւ բառացիորեն «պայթեցրել» ապակիները, ինչպես ասում են ականատեսները: Հարիսբուրգում եւ Հարվեյլվիլում (Քանզաս) ավերվել են ամբողջական թաղամասեր, ինչպես նաեւ ուժեղ տուժել է Միսուրիում Բրենսոն «երաժշտական քաղաքը», որտեղ գտնվում են բազմաթիվ երաժշտական թատրոններ, եւ արդեն պետք է սկսվեր զբոսաշրջության սեզոնը: Քանզասում արտակարգ դրություն է հայտարարված, հայտնում է «Վեդոմոստին»:



























