Costa Allegra վթարային զբոսանավը, որն անսարքության պատճառով անշարժ մնացել էր Հնդկական օվկիանոսում, մարտի 1-ի առավոտյան քարշակով հասցվել է Սեյշելյան կղզիախմբի Մաե կղզի: 

Կարմիր խաչի տեղական բաժանմունքը նավահանգստում վրաններ է խփել, պատրաստել է մեծ քանակությամբ խմելու ջուր, հերթապահում են նաեւ Շտապօգնության անձնակազմերը: Այստեղից ուղեւորները կտեղափոխվեն օդանավակայան, որը գտնվում է ընդամենը 10 կմ հեռավորության վրա, իսկ այնտեղից կթռչեն Հռոմ, հայտնում է AFP-ն:

Հիշեցնենք, որ Costa Allegra զբոսանավը, որը պետք է Սեյշելյան կղզիներ ժամաներ փետրվարի 28-ին,  մեկ օր առաջ անշարժացել էր գլխավոր շարժիչն այրվելուց հետո: Զբոսանավի տախտակամածին գտնվում են 636 ուղեւորներ տարբեր երկրներից եւ անձնակազմի 413 անդամներ: Ուղեւորներից ոչ ոք չի տուժել, սակայն հրդեհը վնասել է էլեկտրաէներգիայի սնուցման համակարգը, եւ դրա հետեւանքով նավի վրա խախտվել էր կենսապահովման ծառայությունների բնականոն աշխատանքը:

Փետրվարի 28-ի գիշերը վթարային վիճակում գտնվող նավը քարշակման միջոցով տեղափոխել է ֆրանսիական ձկնորսական նավը:

Costa Allegra զբոսանավը պատկանում է  Costa Crociere ընկերությանը, որը  Costa Concordia նավի սեփականատերն է. այն նավաբեկության էր ենթարկվել Միջերկրական ծովում փետրվարի 14-ի գիշերը: