Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման համար հիմքեր չկան, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռազմաշունչ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան քաղաքական խաղ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռազմավարական հետաազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի ԱՊՀ բաժնի ղեկավար Ալեքսանդր Սկակովը:

Նրա խոսքով, Բաքվի վերջին ռազմաշունչ հայտարարությունները պայմանավորված են հայ-թուրքական կարգավորման գործընթացով եւ հասցեագրված են ներքին լսարանին: «Այդ կերպ Բաքուն փորձում է կապել ղարաբաղյան հակամարտությունը հայ-թուրքական հարաբերությունների հետ եւ ինչ-որ կերպ ազդել Անկարայի վրա, քանի որ Երեւանի հետ հարաբերությունները կարգավորելու փորձերը հարուցում են Ադրբեջանի սուր դժգոհությունը: Բայց Բաքվի ջանքերը՝ ազդել Անկարայի վրա հայ-թուրքական հարաբերությունների հարցում, հաջողությամբ չեն պսակվում, քանի որ Անկարան, չնայած Բաքվի հետ ջերմ հարաբերություններին, ունի իր գերակա շահերը»,- նկատեց փորձագետը: Նա կրկին համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանում որեւէ մեկը ռազմական գործողությունների չի գնա, հատկապես Վրաստանում օգոստոսյան դեպքերից հետո: «Վրաստանի փորձը ցույց տվեց, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում բոլոր ռազմական գործողությունները դատապարտված են ձախողման, քանի որ միջազգային կազմակերպությունները թույլ չեն տա տարածաշրջանում լրացուցիչ սրացում: Բայց եթե, անգամ տեսականորեն պատկերացնենք, որ Ադրբեջանը կսկսի ռազմական գործողություննները, դրանք կտեւեն մի քանի օր եւ կդադարեցվեն միջազգային կառույցների, նույն ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ի, եվրոպական կառույցների եւ, իհարկե, Ռուսաստանի ճնշման տակ: Չկրկնվեմ, Ադրբեջանը չի սկսի ռազմական գործողություններ ղարաբաղյան հակամարտության գոտում, չի գնա նման արկածախնդրության, թեկուզ այն պատճառով, որ Ալիեւը Սահակաշվիլի չէ»,- հայտնեց Սկակովը: