Գործազուրկ մնացած հույնը իր նախկին երկու գործընկերներին պատանդ է վերցրել եւ պահել 12 ժամ: Իսկ նախքան պատանդ վերցնելը նա որսորդական հրացանով վիրավորել է իր նախկին երկու ղեկավարներին, որոնք էլ հենց նրան աշխատանքից հեռացրել էին:
Դեպքը տեղի է ունեցել Կոմոտինի քաղաքում` աղբի կոնտեյներների արտադրությամբ զբաղվող գործարանում:
Ոստիկանության հետ բանակցություններից հետո առեւանգողը բաց է թողել պատանդներին եւ հսկողության տակ վերցվել: Երկու վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հաղորդում է «Իզվեստիան»` հղում անելով Reuters-ին:
Ընկերությունում հաղորդել են, որ տղամարդը աշխատանքից հեռացվել է ոչ պատշաճ վարքի համար, իսկ արհմիությունում հայտնել են, որ որոշ ժամանակ առաջ գործարանը կրճատել է իր 300 աշխատակիցների գրեթե կեսին:



























