Սիրված երգչուհի Սելին Դիոնը ստիպված է եղել հետաձգել Լաս Վեգասում կայանալիք չորս համերգները` վարակիչ հիվանդության պատճառով, որը հանգեցրել է ձայնալարերի բորբոքմանը: Հիվանդությունը «Տիտանիկ» կինոֆիլմի երգի շնորհիվ համաշխարհային հռչակ ձեռք բերած երգչուհու համար հղի է ձայնը կորցնելու վտանգով:
Բժիշկները նրան խորհուրդ են տվել մեկ շաբաթ անկողնային ռեժիմ պահպանել:
Այս մասին հայտարարել է «Ցեզր փելես» հյուրանոցաժամանցային համալիրի աշխատակազմը, որտեղ երգչուհին հանդես է գալիս մենահամերգային ծրագրով` 3 տարի ժամկետով:
Կանադացի երգչուհին եւ նրա ելույթների կազմակերպիչները խոստանում են ամբողջությամբ փոխհատուցել չկայացած շոուի տոմսերի արժեքը, հաղորդում է «Վեստին»:
Վատ ինքնազգացողությունը եւս մեկ հայտնի երգչի` բրիտանացի Էլթոն Ջոնին է ստիպել այս ամիս հետաձգել մի քանի ելույթներ: Նա չի հստակեցրել, թե հատկապես ինչն է ստիպել դադարեցնել ելույթները Լաս Վեգասում տեղի ունեցող «Դաշնամուր միլիոն դոլարով» ելույթների ծրագրին:




























