Ռուսաստանը մարել է Ղրղըզստանի  ռազմական օբյեկտներն օգտագործելու դիմաց ունեցած  պարտքը: Այդ մասին ասվում է Ղրղըզստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:  Ըստ հաղորդագրության` Ռուսաստանը մարտի  1-ին փոխանցել է 15,5 միլիոն դոլարի հասնող գումար:

Առաջին անգամ Ղրղըզստանի ռազմական օբյեկտները վարձակալելու դիմաց Ռուսաստանի ունեցած պարտքի մասին հարցը բարձրացրել է երկրի նախագահ Ալմազբեկ Ատամբաեւը 2011 թվականի վերջին:

Փետրվարի վերջին գտնվելով Մոսկվայում` Ատամբաեւը կրկին հայտարարել էր, որ Ռուսաստանն արդեն չորս տարի է չի վճարում «Կանտ» ավիակայանի վարձակալման գումարը: Ավելի վաղ Ղրղըզստանի իշխանությունները հայտարարել էին, որ պարտքը վերաբերում է նաեւ երեք այլ օբյեկտներին` զորահարթակին, սեյսմիկ կայանին եւ կապի հանգույցին, իսկ  «Կանտն» օգտագործվել է ՀԱՊԿ-ի շրջանակներում առանց փոխհատուցման:  Հետագայում ղրղըզական իշխանություններն ընդունել են, որ հանրապետության նախագահը սխալ է թույլ տվել, հայտնում է REGIONS.RU-ն:

Այն բանից հետո, երբ Ատամբաեւը հայտարարել էր Ռուսաստանի պարտքի մասին, Կրեմլի մամուլի ծառայությունում հիշեցրել են, որ Ղրղըզստանն էլ Ռուսաստանին  շուրջ  500 միլիոն դոլար է պարտք: