Հայաստանի արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում նոյեմբերի 27-ին ժամը 18:00-ի սահմաններում հայտնաբերվել է, որ նույն հիմնարկում պատիժ կրող, ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանը և Մհեր Ենոքյանը քրեակատարողական հիմնարկից դիմել են փախուստի:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ դատապարտյալների հայտնաբերման ուղղությամբ, տեղեկացնում են ԱՆ ՔԿՀ վարչությունից: Հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանը և Մհեր Ենոքյանը մի քանի տարի առաջ փախուստի էին դիմել նաեւ «Գորիսի» ՔԿՀ-ից: 10 շաբաթ անց, սակայն, նրանք կալանավորվել ու տեղափոխվել էին արդեն Երեւան` «Նուբարաշեն» ՔԿՀ։

Նշենք նաեւ, որ օրերս «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակվել էր լուսանկար, որում ցմահ դատապարտվածները նստած էին նույն սեղանի շուրջ թերթերից մեկի խմբագրի հետ: Իսկ Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված չէ ցմահ դատապարտվածների խմբակային տեսակցություն: