Ռուսաստանում Հայաստանի դեսպամնատունը ակտիվ աշխատանքներ է տանում պարզելու համար, թե «Նեւսկի» ճեպընթացի վթարի արդյունքում տուժածների կամ զոհվածների թվում կա՞ն արդյոք Հայաստանի քաղաքացիներ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Գեւորգ Մինասյանը։ «Շուտով ավելի ճշգրիտ տեղեկություններ կստացվեն, իսկ ներկայումս ճշտվում են զոհվածների եւ հոսպիտալացվածների ցուցակները»,- նշել է Մինասյանը։

Գնացքի ուղեւորների ցուցակի համաձայն՝ 682 մարդկանց թվում կան հայկական ազգանուններով քաղաքացիներ՝ Դերձակյան, Բաբայան, Մյասնիկով, Թոմասով, ինչպես նաեւ վրացիներ՝ Գոգնաձե, Բոչորաշվիլի, Խուբուտիա։ Տուժե՞լ են արդյոք նրանք վթարի արդյունքում, դեռեւս հայտնի չէ։

Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ մեկնող գնացքում եղել են այլ արտասահմանցիներ եւս, մասնավորապես՝ Սբալզարինի ազգանունով մի իտալացի եւ մի հնդիկ՝ Ռաջեշ ազգանունով։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ի երեկոյան գծերից դուրս են եկել Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ մեկնող №166 գնացքի վերջին չորս վագոնները։ Պատահարը տեղի է ունեցել «Ալեշինկա-Ուգլովկա» հատվածում։ Գնացքի վթարի արդյունքում զոհվել է 30, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել շուրջ 90 մարդ։ 18 մարդու ճակատագիր դեռեւս անհայտ է մնում։