Այսօր ՀՀԿ համագումարում երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, ով նաեւ ՀՀԿ-ի նախագահն է, իր ելույթում անդրադարձ է կատարել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին։ Նա մասնավորապես նշել է. "Հայաստանը կողմնակից է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով, սակայն ԼՂ-ի նկատմամբ որևէ ոտնձգություն մենք թույլ չենք տա և ցանկացած ոտնձգության պատրաստ ենք արձագանքել ամենակոշտ միջոցներով:
ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի իշխանությունների կողմից հռչակված սկբունքները նույնն են և ամրագրված են Հանրապետական կուսակցության ու ՀՀ նախագահի ծրագրերում: Այդ հիմնարար սկզբունքները եղել և մնում են մեր ուղենիշը: Այս սկզբունքներով է, որ մենք վարում ենք բանակցությունները: Յուրաքանչյուր ողջամիտ մարդու համար պարզ է, որ հակամարտության կարգավորումը չափազանց բարդ գործընթաց է, և դրա վերջնական կարգավորման համար կարող են պահանջվել տարիներ: Սակայն հակամարտության կարգավորման այսօրվա հանգրվանը ինձ հույս է ներշնչում, որ կարող ենք ողջամիտ ժամկետներում այն իր տրամաբանական ավարտին հասցնել:
Ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում մենք լինելու ենք մեր ազգային ու պետական շահերը ամեն ինչից բարձր դասող և վճռական` գործը մինչև վերջ հասցնելու հարցում:
Միանշանակ է, որ հակամարտությունները երկարաժամկետ և կայուն լուծում են ստանում միայն այն դեպքերում, երբ հիմնված են արդարության ու խելամիտ փոխզիջումների վրա: Անցել են սեփական հողի վրա ապրող ժողովրդի գաղութացման ժամանակները: Մենք ի լուր աշխարհի հաստատապես հայտարարել ենք, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է խարսխվի մարդու և Ղարաբաղի ժողովրդի` որպես հավաքական ինքնության արտացոլողի, կամքի վրա: Միայն այդ դեպքում լուծումը կարող է լինել տևական, իրականանալի և խաղաղ:
Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի միջև համաձայնությունը պետք է մեկ փաթեթի մեջ ներառի բոլոր հարցերի լուծումներն ու միջազգայնորեն ամրագրված այն մեխանիզմները, որոնք կապահովեն այդ լուծումների իրականացումը:




























