2 տարեկան Ռոբերտ Ենգիդունյանն ունի լուրջ եւ կյանքին վտանգ սպառնացող  «Limf-Gemongioma» հիվանդություն, որի համար շտապ անհրաժեշտ է բուժում արտերկրում` Իսրայելում: Սակայն բուժման համար մոտավորապես 20 հազար դոլար է պակասում եւ անհրաժեշտ է բարեգործների օգնությունը: Նման խնդրանքով NEWS.am-ին դիմել է Ռոբերտ Ենգիդունյանի հայրը` Սամվել Ենգիդունյանը: Հոր խոսքով, հիվանդությունը ուռուցքային, անոթային հիվանդություն է: Ուռուցքը երեխայի պարանոցի մոտ է եղել, որը վիրահատական միջամտության միջոցով փորձել են հեռացնել:

Սակայն այն շարունակվել է եւ ներկա պահին հասել է դեպի երեխայի նախասիրտը: «Ռոբերտին տեղափոխեցինք Նորքի սրտաբանական հիվանդանոց, որտեղ պատասխանեցին, որ  սրտի հետ կապված խնդիր չկա, հետեւաբար իրենք չեն կարող միջամտել: Իսկ Հայաստանում կոնկրետ այդ հիվանդության մասնագետ չկա: Սակայն Նորքի սրտաբանականի բժիշկների օգնությամբ կապվեցինք Ֆրանսիա, Գերմանիա եւ Իսրայել: Իսրայելից պատասխանեցին, որ իրենք կբուժեն»,- մանրամասնեց Սամվել Ենգիդունյանը, հավելելով, որ երեխայի տեղափոխության եւ բուժման համար անհրաժեշտ ամբողջ գումարը 55 հազար դոլար է կազմում:

«Գումարի զգալի մասը մեր եւ բարերարների միջոցներով հայթայթել ենք եւ ներկա պահին մոտավորապես 20 հազար դոլար է պակասում»,- ավելացրեց փոքրիկ Ռոբերտի հայրը:

Փոքրիկ Ռոբերտին օգնելու համար կարող եք գումար ուղարկել հետեւյալ հաշվեհամարին` HSBC  բանկ  001 293 448 001 (ՀՀ դրամ),  001 293 448 101  (USA)  կամ զանգահարել հետեւյալ համարով` 094 09 33 70: