Հայաստանի կառավարությունը մարտի 1-ից սկսել է «Ես գիտեմ» հանրային իրազեկման արշավի երկրորդ փուլը: Այդ մասին այսօր` մարտի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեցին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանն ու «Ամերիա» խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:
«Ես գիտեմ» քարոզարշավն իրականացվում է Համաշխարհային բանկի դրամաշնորհի հաշվին: Առաջին փուլում` փետրվարին, այդ նպատակով ծախսվել է մոտ 100 հազ. դոլար: Քարոզարշավի նպատակն է ՀՀ քաղաքացիներին իրազեկել մոտ 25 ուղղություններով կառավարության վերջին տարիների բարեփոխումների մասին: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, ձեռնարկությունների գրանցմանը, վարորդական իրավունքներին, նոտարական վավերացումներին, հարկերի վճարմանը, ավտոմեքենաների տեխզննմանն ու բազմաթիվ այլ ծառայությունների, որոնցից օգտվում է համարյա յուրաքանչյուր քաղաքացի:
Դ. Սարգսյանի տեղեկացմամբ` փետրվարին կառավարության թեժ գծով (527 000) ստացվել է 11.7 հազ. զանգ, որից միայն 33-ն է եղել բողոք: Մնացած զանգերը հիմնականում տեղեկատվության ճշտման կամ լրացման նպատակով են կատարվել: Բողոքները հիմնականում վերաբերել են Երեւանում ավտոտնակների հողամասերի վարձակալության պայմանագրերին` արդյոք դրանք պե՞տք է նոտարական վավերացում անցնեն:
Հիշեցնենք, որ 2012 թ. հունվարի 1-ից փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները կարող են տարածքների վարձակալության պայմանագրեր կնքել` առանց նոտարական վավերացման (բավարար է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կադաստրում գրանցելը): Սակայն ավտոտնակների հողամասերի վարձակալության պարագայում այդ կարգը չի գործում: Դ. Սարգսյանը տեղեկացրեց, որ հարցը քննարկել է Երեւանի քաղաքապետի հետ, եւ որոշվել է այդ պայմանագրերը եւս ազատել նոտարական վավերացումից:
Տ. Ջրբաշյանի տեղեկացմամբ` եթե հիմք ընդունվեն հեռախոսազանգերը, ապա քաղաքացիներին ամենաշատը հետաքրքրում են անշարժ գույքի գրանցման, վարորդական իրավունքի, ավտոմեքենաների տեխզննման հարցերը:




























