Լոռիի մարզպետարանում, այսօր` մարտի 13-ին, անցկացրած խորհրդակցության ժամանակ կրկին առաջնային է համարվել համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման խնդիրը:

Ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական վարչության պետ Սեւակ Հովհանիսյանը տեղեկացրեց, որ ցուցանիշները գոհացուցիչ չեն ինչպես հունվարին եւ փետրվարին, այնպես էլ մարտի առաջին տասնօրյակում:  Հատկապես ցածր են հողի հարկի հավաքագրման ցուցանիշները:

Մարզպետարանի Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանն էլ իր հերթին զեկուցեց, որ կառավարության կողմից մատչելի գներով տրվելիք պարարտանյութի եւ դիզելային վառելիքի դիմաց հավաքագրվելիք գումարներն ուժի մեջ են: Ընդհանուր առմամբ, հավաքագրվել է 187 մլն դրամ 1565 տոննա պարարտանյութի համար, մնացել է հավաքագրել ընդամենը 435 տոննա պարարտանյութի դիմաց վճարվելիք գումարը: Կապված դիզվառելիքի հետ, վարչության պետը նշեց, որ հավաքագրվել է 78 մլն դրամ 225 հազար լիտրի դիմաց: Իսկ մարզի 7 համայնքներում արդեն իսկ բաշխվել է դիզվառելիքը, քանի որ նրանք գումարները վճարել են ամբողջությամբ:

Ի դեպ, մարզպետ Արթուր Նալբանդյանը նիստի ընթացքում դժգոհել է մի շարք համայնքների ոչ մաքուր սանիտարական վիճակից, նշելով, որ համայնքներից շատերը «կորած են կեղտի մեջ»: