Երեւանում, փետրվարին, շուրջօրյա ջրամատակարարում է ունեցել բաժանորդների 73 տոկոսը: Այս մասին նշված է «Երեւան Ջուր» ՓԲԸ տարածած հաղորդագրության մեջ, որտեղ ներկայացված են ընկերության գործունեության արդյունքները (2012թ. փետրվարը 2011թ. փետրվարի նկատմամբ):

Բացի այդ, բաժանորդների 5 տոկոսը օրական ջուր է ունեցել 17-23,5 ժամ, իսկ 22 տոկոսը` 12-17 ժամ:

Երեւանում, այս տարվա փետրվարին ջրամատակարարման շարունակականությունը կազմել է 95,8 տոկոս, մինչդեռ վարձակալության պայմանագրով նախատեսված 95 տոկոսին «Երեւան Ջուր» ընկերությունը պետք է հասներ միայն 2016թ.:

Հարկ է նշել, որ 2011թ. դեկտեմբերից /2012թ. ապրիլի փոխարեն/ Երեւանում ջրամատակարարման նվազագույն տեւողությունը կազմում է 12 ժամ: Ներկայումս տարվում են աշխատանքներ առաջիկա ամռանը, կապված ջրի սպառման ծավալների ավելացման հետ, վերը նշված շարունակականության տատանումները նվազագույնի հասցնելու համար:

«Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջեւ» կարգախոսով, «Երեւան Ջուր» ընկերությունը հետագայում նույնպես շարունակելու է ամենամսյա նմանօրինակ հրապարակումները` համակարգում տարվող աշխատանքների եւ ձեռքբերումների վերաբերյալ»,-ասված է «ԵրեւանՋուրի» հաղորդագրության մեջ: