Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոտրայի հետ եւ քննարկել Երեւանի եւ Դելիի միջեւ գործընկերային կապերի ամրապնդման խնդիրը:
«Պատմական քաղաք ղեկավարելը մարտահրավերներով լի աշխատանք է, ուստի, թեեւ փոքր ինչ ուշացումով, ընդունեք իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Երեւանի քաղաքապետի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ»,–շնորհակալություն հատնելով ընդունելության համար՝ ասել է դեսպանը։
Նշելով հայ-հնդկական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը, քաղաքապետը կարեւորել է գործընկերային կապերի հաստատումն ու զարգացումը նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում։ Հատկանշելով, որ քաղաքապետարանը պատրաստ է գործընկերային կապերն ամրապնդել ու ընդլայնել ոչ միայն Դելիի, այլեւ Հնդկաստանի այլ քաղաքների հետ՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է հատկապես քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ուղղություններով փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում հարաբերությունների հաստատման եւ զարգացման կարեւորությունը։ «Համոզված եմ , որ Երեւանի եւ Հնդկաստանի քաղաքների միջեւ համագործակցությունը նոր, ավելի ակտիվ շարունակություն կստանա եւ այդ հարցում ես ակնկալում եմ ինչպես Ձեր, այնպես էլ Հնդկաստանում ՀՀ դեսպանի աջակցությունը»,-նշել է Տարոն Մարգարյանը։
Դեսպան Մալհոտան իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցելու ինչպես նշված , այնպես էլ կրթական եւ բիզնես ծրագրերի իրականացմանը։ Անդրադառնալով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում Հնդկաստանի անվան այգի հիմնելու ծրագրին եւ շնորհակալություն հայտնելով տրամադրված տարածքի եւ իրականացրած նախագծերի համար՝ դեսպանը նշել է, որ այն հայ-հնդկական դարավոր բարեկամության եւս մեկ ապացույց կլինի։ Հնդկաստանի կառավարության կողմից նախագծին հավանություն տալուց հետո կսկսվեն շինարարական աշխատանքները։
Մեկ անգամ եւս շեշտելով Երեւանի եւ Հնդկաստանի քաղաքների միջեւ հարաբերությունների ամրապնդման եւ ընդլայնման անհրաժեշտությունը եւ առաջարկելով փաստատղթային ձեւակերպում տալ ծրագրերին՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակցել դրանց իրագործմանը։




























