Հայաստանի կառավարությունը որոշել է Մաշտոցի պուրակի կրպակները ապամոնտաժել երեք տարի անց:

Կառավարությունն այսօր` մարտի 15-ին կայացած նիստում հավանության է արժանացրել քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացրած «Պետական գույքն օտարելու մասին» նախագիծը: Քաղաքապետն առաջարկում է ապամոնտաժել կրպակները, երբ սկսվի «Հին Երեւան» նախագծի իրագործումը:

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի այս հարցի շուրջ մեր քաղաքացիների հետ լինի համերաշխության եւ համաձայնության մթնոլորտ: Առաջին խոստումը, որ տրվել էր քաղաքապետարանի կողմից Աբովյան փողոցում առկա տաղավարների վերաբերյալ, որոնք ժամանակավոր տաղավարներ չէին, այլ մշտական տաղավարներ էին` սեփականության իրավունքով, որ դրանք կապամոնտաժվեն: Այդ խոստումը կատարվել է»,- իր խոսքում նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ հավելել«Հիմա երկրորդ խոստումը, որ արձանագրում ենք այսօր մեր որոշման մեջ եւ ընդունում ենք ի գիտություն, որ սրանք նույնպես երեք տարվա ընթացքում ապամոնտաժվելու են»:

Վարչապետը նշել է, թե իրենց հարգում են ընդդիմախոսների կարծիքը եւ տարբեր ձեւաչափերով նրանց հետ քննարկում: Եւ այս լուծումը, որն այսօր քաղաքապետարանն առաջարկում է, կարծում եմ՝ պետք է վերջակետ դնի այս երկխոսության մեջ, քանի որ, կարծում եմ՝ երեւանցիների համար ընդունելի լուծում է, որպեսզի բոլորի շահերը մենք հաշվի առնենք, այդ թվում նաեւ սեփականատերերի»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Այդուհանդերձ, Մաշտոցի պուրակում նստացույց անող բնապահպանները չեն հավատում կառավարության հավաստիացումներին: Ակտիվիստները բողոքի ցույց են արել կառավարության շենքի մոտ, իսկ այսօր էլ շարունակելու են պայքարը պուրակում:

Նշենք, որ երեկ ուշ երեկոյան ոստիկանները բռնի ուժով տարել են ակտիվիստների վրանը, իսկ այսօր թույլ չեն տալիս վրան տեղադրել: