Մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի համար, քանի որ անհրաժեշտ է լուծել Հայաստանի առջեւ ծառացած երկու խնդիր: Այդ մասին այսօր` մարտի 17-ին, ԲՀԿ 6-րդ համագումարի ժամանակ ասաց ԱԳՆ նախկին ղեկավար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը:

Նրա խոսքով` Հայաստանը կանգնած է երկու խնդրի առջեւ` երկրի տնտեսական վիճակը եւ ԼՂՀ հարցը: Մեջբերելով Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած մարդահամարի տվյալները` Օսկանյանը նշեց, որ Հայաստանում բնակվում է 2 մլն 871 հազար մարդ. «Իսկ դա նշանակում է, որ մենք իջել ենք 3 մլն բնակչություն ունենալու հոգեբանական շեմից: Եւ, եթե մոտ ապագայում չփոխվի Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը եւ առկա բարոյահոգեբանական մթնոլորտը, ապա արտագաղթը կշարունակվի: Ինչո՞ւ են մարդիկ հեռանում: Հեռանում են, քանի որ  կորցրել են հավատը ապագայի նկատմամբ, հոգնել են անարդարությունից, կորցրել են վստահությունը»:

Ըստ Օսկանյանի, վիճակը շտկելու համար պետք չէ փոխել Սահմանադրությունը կամ գրել նոր օրենքներ,  փոխարենը պետք է քաղաքական կամք դրսեւորել եւ կյանքի կոչել առկա օրենքներն ու Սահմանադրությունը: «Ժողովրդավարության հիմնական սկզունքների պահպանումն է երկրի հաջողության եւ զարգացման միակ գրավականը: ԲՀԿ-ի հիմնական ուղենիշն է` առաջիկա 5 տարիներին թխանել տնտեսությունը` ստեղծելով նոր աշխատատեղեր, ստեղծել ազատ մրցակցային տնտեսություն, ապահովել արժանավայել կյանք: Դա է միակ ճանապարհը դեպի արդար պետություն»: