Ազգային ժողովի պատգամավոր Լյովա Խաչատրյանը տարօրինակ ոչինչ չի տեսնում, որ երկու գումարում ԱԺ պատգամավոր է եղել Ապարանի տարածաշրջանից, իսկ առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել է Երեւանի թիվ 12 ընտրատարածքից, որը ներառում է Շենգավիթ համայնքը:
«Ես կողմնակիցներ ունեմ բոլոր տեղերում: Ես Երեւանում ծնվել եմ, մեծացել եմ, մանկապարտեզ եմ գնացել, դպրոց եմ ավարտել, ինստիտուտն եմ ավարտել, կարուձեւի, ակորդեոնի խմբակ եմ գնացել, առաջին գալիֆե անդրավարտիքը ես եմ ինձ համար կարել:
Այսօր իմ շրջապատը, իմ ընկերները իրենց երեխաները, բոլորը կան»,- լրագրողների հետ զրույցում նշեց պատգամավորը:
Խաչատրյանը հերքեց, որ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով չի առաջադրվել Ապարանում: «Ես 9 տարի ապրեցի գյուղում, վերադարձա իմ պապերի օջախը, այնտեղի բոլոր խնդիրները գիտեմ: Այսօր հինգ կիլոմետր ոտքով ճանապարհ եմ եկել ձների, բքի միջով, ես հիմա շատ հոգնած եմ»,- նշեց Խաչատրյանը` խոստանալով Երեւանից ընտրվելու դեպքում մշտապես ապրել Երեւանում. «Ես քաղաքում էլ գրանցված եմ, մշտական կապրեմ քաղաքում եւ բոլորի համար հասանելի կլինեմ»:
Նշենք, որ Արագածոտնի մարզի թիվ 14 ընտրատարածքում առաջադրվել է «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանը, ով երեկ անդամակցեց ՀՀԿ-ին: Վերջինիս Ապարանում աջակցելու է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ով նախկինում աջակցում էր Լյովա Խաչատրյանին: Վերջինս էլ անդամակցեց ԲՀԿ-ին եւ առաջադրվեց Շենգավիթում:




























