Հայաստանի փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունն այսօր` մարտի 20-ին, Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 53-րդ նիստի աշխատանքներին: NEWS.am-ին ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ լիագումար նիստի օրակարգում ընդգրկված էին ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր ոլորտներին ու ուղղություններին վերաբերող մոտ երկու տասնյակ հարցեր:

Մասնավորապես, քննարկվել էին ԱՊՀ մասնակից երկրների ֆինանսական ծառայությունների շուկայի ազատականացման հայեցակարգի, արդյունաբերության ոլորտում համագործակցության եւ ԱՊՀ մասնակից երկրների արդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի ստեղծման մասին համաձայնագրի, մինչեւ 2020թ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ անդամ-երկրների ինովացիոն ծրագրի միջպետական օպերատորի մասին կանոնադրության նախագծերը, օրակարգային մի շարք այլ հարցեր:

Փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է նաեւ «ԱՊՀ  եւ եվրասիական ինտեգրացիայի նոր ձեւաչափեր» խորագրով  միջազգային տնտեսական համաժողովին,  որի օրակարգում էին ազատ առեւտրի գոտու,  միասնական տնտեսական տարածքի, ներդրումային  քաղաքականության, տեխնիկական, տեխնոլոգիական եւ ինովացիոն ոլորտներում համագործակցության հարցեր:

Փոխվարչապետը ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւի հետ քննարկել է նաեւ ԱՊՀ միջռեգիոնալ եւ մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի գործունեության արդյունավետությանն առնչվող հարցեր` կառույցի ներկայացուցչական մակարդակը խորհրդի նպատակներին եւ գործունեության կարգին համապատասխանեցնելու հետ կապված: